Վրաստանում ՀՀ դեսպանն ամերիկացի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը

Վրաստանում ՀՀ դեսպանն ամերիկացի իր գործընկերոջն է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը

Հունվարի 9-ին Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելլիի հետ։

Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, դեսպան Սադոյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև մանրամասնել դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու առկա զարգացումները։

Ռուբեն Սադոյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերն ու դրան ի հակառակ Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը։ Այս առումով Յան Քելլին նշել է, որ ինքը տեղյակ է զարգացումներից և պատմել իր գործունեության այն շրջանի մասին, երբ ինքն անձամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էր՝ ԱՄՆ կողմից։

Դեսպան Սադոյանը այս համատեքստում նաև տեղեկացրել է օրեր առաջ Արցախում գրանցված ադրբեջանական հերթական սադրիչ գործողության արդյունքում դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի զոհվելու փաստի մասին։

Այնուհետև, Ռուբեն Սադոյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այն հնարավորություններին, որոնք ընձեռում է այդ համաձայնագիրը։

ՀՀ դեսպանը իր զրուցակցին ներկայացրել է նաև ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ՀՀ նախաձեռնողական քաղաքականությունն և այդ ուղղությամբ միջազգային հարթակներում տարվող ակտիվ գործունեությունը։

Դեսպան Սադոյանը խոսել է նաև այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի մասին։

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում