Համակարգչային խաղերից մինչև արհեստական ինտելեկտ. ծրագրավորման ֆունկցիոնալ համակարգերը զարգացման մեծ հեռանկար ունեն

Համակարգչային խաղերից մինչև արհեստական ինտելեկտ. ծրագրավորման ֆունկցիոնալ համակարգերը զարգացման մեծ հեռանկար ունեն

ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի երիտասարդ դասախոսների մեծ մասը ֆ.մ.թ. Լուսինե Բուդաղյանի նախկին ուսանողներն են, ով էլ, իր հերթին, հանդիսանում է այդ ուղղությունը ղեկավարող, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեմյոն Նիգիյանի նախկին ուսանողը: Ծրագրավորման երեք հիմնական ուղղություններից մեկի` ֆունկցիոնալ համակարգերի հետ ամբիոնի երիտասարդ մասնագետների առաջին ծանոթությունն ապահովել են հենց նրանք:

Ծրագրավորման այս ուղղության կիրառության մասին խոսելիս առաջինը, որ նշում է Լուսինե Բուդաղյանը, այսպես կոչված, արհեստական ինտելեկտն է: «Վերջին տարիներին մեծ թափ ստացած այս եզրույթը համակարգչին դարձնում է «ավելի խելացի» և տարբեր խնդիրների համար գտնում ճիշտ ու նպատակահարմար լուծումներ, որոնք, երբեմն անգամ մարդկային ուղեղը չի կարող պատկերացնել»,-ասում է Լուսինե Բուդաղյանը:

Ջոն Մակքարթին, ով շրջանառության մեջ է դրել «արհեստական ինտելեկտ» եզրույթն, այն այսպես է բնորոշել. արհեստական ինտելեկտն ինտելեկտուալ մեքենաների ստեղծման տեխնոլոգիա է, ավելի պարզ ասած` օգնում է համակարգչին` լուծելու իր առջև դրած խնդիրը: Սակայն Մակքարթին արհեստական ինտելեկտն այնքան էլ չի նմանեցնում մարդու ինտելեկտի հետ, քանի որ դրանք տարբեր կերպ են աշխատում:

Մաթեմատիկական դասական ֆունկցիայի վրա հիմնված ծրագրավորման ֆունկցիոնալ համակարգերի ընձեռած հնարավորություններն այսօր լայնորեն օգտագործվում են համակարգչային տարբեր ծրագրերում, սակայն մի շարք ոլորտներում առավելագույնս են դրսևորվում. «Բացի արհեստական ինտելեկտի առջև դրված խնդիրները լուծելուց, ֆունցիոնալ համակարգերը կիրառվում են նաև համակարգչային խաղերում` մասնավորապես ինտելեկտուալ` շախմատ, շաշկի և այլն, դիագնոստիկ համակարգերում, քարտեզագրման մեջ: Վերջին շրջանում փորձ է արվում նաև «AutoCAD»համակարգի որոշ ֆունկցիաներ ավտոմատացնել դրա օգնությամբ»,-ասում է Լուսինեն:

Այս ոլորտներին առնչվելով` աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդիկ անուղղակի գործ են ունենում նաև ֆունկցիոնալ համակարգերի հետ. սպառում են դրա տված վերջնական արդյունքը: Ծրագրավորման այս ուղղության վրա հիմնված բազմաթիվ համակարգչային ծրագրեր աշխարհի բազմաթիվ երկրներ կիրառում, սակայն քչերն են կարողանում գիտական ձեռքբերումները ներդնել արտադրության մեջ: Այս առումով առանձնացող երկրներից մեր զրուցակիցն առաջինը նշում է ԱՄՆ-ն, որտեղ պաշտպանական խնդիրների լուծման գործում էական դեր են խաղում հենց ֆունցիոնալ համակարգերը. «Ծրագրավորման ֆունկցիոնալ համակարգերը մեծ տարածվածություն ունեն ԱՄՆ-ում, հատկապես` պաշտպանական դեպարտամենտում: Արբանյակների կառավարման նպատակով դրանք լայնորեն կիրառում է նաև NASA-ն»:

Հայաստանի` սպառողից արտադրող դառնալու հնարավորությունները մեր զրուցակիցը դեռ փոքր է գնահատում. «Մեր գիտական արդյունքները դրսում կիրառվում, տեխնոլոգիաները զարգացվում են, հետո պատրաստ գալիս են Հայաստան: Մենք օգտագործում են արտերկրում մշակված համակարգերը»:

Սակայն դա չի նշանակում, թե մեր գիտական ներուժը զիջում է արտասահման տարբեր մասնագետների ունեցած ներուժին. Խնդիրը դրանք կիրառելու սահմանափակ հնարավորությունների մեջ է: Լուսինե Բուդաղյանը լիահույս է` պայմաններ ստեղծելու դեպքում լավագույն ուսանողները ո´չ երկրից կգնան, ո´չ էլ գիտությունից կհեռանան:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում