AM | RU
USD
EUR
RUB

Արցախյան ազատամարտ. Պատմում է Գենադի Մնացականյանը

 

Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

Եվ այսպես, պատմում է Գենադի Մնացականյանը.

Մենք Կոմանդոսի պահուստային խումբն էինք` ռեզերվը: Մեզ մարտադաշտ էր ուղարկում միայն ամենավերջին, ամենածանր րոպեին, երբ ռազմագործողությունը տապալման եզրին էր լինում: Երբ ասում էինք` Արկադի Իվանըչ, մեզ ինչի չեք ուղարկում, մենք էլ ենք ուզում կռվի գնալ, ասում էր` «Вы будете обороняться у Деды-Бабы» :

Պատերազմի սկզբում հետևակային հետախուզույթունում էի, բայց հետո, երբ Արմենն ինձ իր մոտ կանչեց, տեսա, որ հրետանային հետախուզույթունն ավելի հետաքրքիր է: Գնացի, միացա Արմենին, այդուհետ մեր մարտական ուղին միասին անցանք:

Այնպես որ, Արմենը չի չափազանցնում, մեր ընկերությունը, որ հաղթահարել է պատերազմի ու խաղաղության բոլոր փորձությունները, մեր հարստությունն է, մեր ամեն ինչը: Դա կհասկանան միայն նրանք, ովքեր մեզ նման ճանապարհ են անցել: Միայն Արմենը չէ: Ես էլի ունեմ մարտական ընկերներ: Ես ձեզ այսպես կասեմ. թեպետ պատերազմը, որի միջով անցել ենք եղել է դաժան, եղել անիծված, բայց այն մեզ իսկական ընկերներ է պարգևել: Մարդիկ, առանց որոնց դու քո կյանքը չես պատկերացնում ու միայն այն մտքից, թե ընկերոջդ կարող էր մի բան պատահել, ուզում էիր ինքդ առաջ ընկնեիր, ինքդ զոհաբերվեիր:

Ես հիշում եմ Կիչան-Սրխավանդի ազատագրման ճակատամարտը: Թշմանու զորքին թիվ ու քանակ չկար: Հինգ տանկ էին դուրս բերել, ԳԱԶ-66, ու տարբեր տիպի այլ զրահատեխնիկա:  Դե, հետևակի մասին էլ չեմ խոսում: Կարևոր ճակատամարտ էր, շատ ջոկատներ էին մասնակցում` Հարությունագոմերի, Կիչանի, Առաջաձորի, և այլն: Կիչանի ջոկատի հրամանատարը Կարենն էր, նա Կիչանի կողմից էր գալիս, իսկ մենք Սրխավանդի: Իրար ընդառաջ էինք դուրս եկել ու մարտը պիտի ավարտվեր մեր հանդիպումով: Մենք, որ հրետանու հետախուզությունն էինք, առաջ էինք ընկել, ու թշնամու թիկունքում դարան մտել: Մեր կողքով թշնամու չորս տանկ եկավ, անցավ: Մերոնք չորս տանկն էլ խփեցին: Երբ մոտենում էր հինգերորդը, ես ու մեր շենքի Վարդանը որոշեցինք վերցնել այն: Մենք նռնականետով խփեցինք տանկը: Այդ ժամանակ մեզ նկատեցին ու թշնամու հրետանին սկսեց աշխատել մեզ վրա։ Այն, որ մենք այդ մեծ ճակատամարտից առանց զոհերի դուրս եկանք, ուղակի հրաշք էր։ Պարզապես, խիտ անտառն ու թաց գետինը մեր դաշնակիցն էին։ Մեր փոխարեն, կարծես հայրենի հողն ինքն էր կլանում թափվող արկերը։

 

Որոշ ժամանակ տևած երկկողմ կրակահերթից հետո տղաներին ասացի, որ պառկեն, իսկ ես մոտենամ տանկին, տեսնեմ ինչ վիճակում է: Վարդանն առաջ ընկավ, թե ես քեզ հետ եմ գալիս: Ինձնից 7-8 տարով ջահել է: Չէի ուզում հետս տանել, որովհետև չգիտեի, թե ինչ է սպասվում առջևում՝ տանկի մոտ: Մենք միայն այնքանն էինք տեսնում, որ տանկը կանգ է առել, բայց անձնակազմի մասին տեղեկություն չունեինք: Տեսադաշտը փակ էր: Բայց Վարդանը շատ համառեց, ու ես չկարողացա նրան հետ պահել: Միասին գնացինք: Պարզվեց, անձնակազմում մի ղազախ էր ու մի թուրք: Երկուսն էլ սպանվել էին: Վարդանը մտավ տանկն ու հպարտ-հպարտ հայտարարեց. «Ես եմ հրամանատարը»: Բարեխատաբար, տանկը չէր վնասվել, մաքրեցինք թուրք-ղազախական արյունը, որ ողողել էր ամբողջ խուցը, նստեցինք ու գնացինք: Տղաներ ուղարկեցինք մերոնց զգուշացնելու, որ տանկով ենք գալիս, չխփեն: Թե չէ՝ մինչ այդ մենք տանկ չունեինք, մերոնք հաստատ խփող էին:

Ծանր մարտը հաղթանակով պսակվեց, գյուղերն ազատագրելուց բացի, ահագին ռազմավար ձեռք բերեցինք: Վարդանի արարքը ես հետո ծանր ու թեթև արեցի: Մենք չգիտեինք, թե տանկի մոտ մեզ ինչ է սպասվում: Հնարավոր էր, որ ականապատած լինեին ու փախած, չգիտեմ, հազար բան կարող էր պատահել։ Եվ ամեն դեպքում՝ նա ուզում էր հետս գալ։ Որքան համեստ էր նա իր անձնազոհության մեջ։ Վարդանն ինձ էր ուզում խնայել, ես իրեն: Դա իմ գրաված առաջին տանկն էր: Երկրորդը մեկ ամիս անց հաջողվեց:

Արմեն Գրիգորյան: Երբ բառերն այնքան են մաշվում, որ կարծես արժեզրկվում են, կորցնում իրենց իմաստը, այլևս չես ուզում դրանք օգտագործես, ասենք, ընկերոջդ բնութագրելիս։ Մեր ժամանակներում, ցավոք, այդ երևույթը շատ է տարածված։ Դրա համար էլ ես կխուսափեմ Գենոյին նվիրյալ, հայրենասեր, և նման կարգի ածականներ շնորհելուց։ Ես միայն մի դեպք պատմեմ, որով դուք կճանաչեք նրան։

Դեպքը տեղի է ունեցել Մարտունիում: Գենոն արդեն մարտկոցի հրամանատար էր դարձել։ Ընդհանրապես անձնակազմի հետ նրա հարաբերությունները հեռու էին կանոնադրական լինելուց։ Ես միշտ հանդիմանում էի նրան։ Ասում էի քեզ հրամանատարի նման պահիր։ Բայց դե, իր էությունն էր։ Շատ էր մարդամոտ։ Զինվորների հետ նստում-վեր էր կենում, ուտում-խմում։ Կողքից նայես՝ չես ասի, թե հրամանատար է։ Հասարակ զինվոր։ Ուրեմն, մի օր Գենոն մենակ էր դիտակետ գնացել: Ուսումնասիրում էր, հաշվումներ անում, մի խոսքով, իր գործերով էր զբաղված, երբ թշնամին հանկարծակի հարձակման անցավ։ Դիտակետը առաջնագծի ու կրակային դիրքի արանքում է։ Մարտի սկզբում հաջողությունը թշնամու կողմն էր, նրանք առաջ էին գալիս գրեթե առանց դիմադրության հանդիպելու։ Առաջնագիծը նահանջել էր, Գենոն մնացել էր ծուղակի մեջ։ Թշնամին ուր որ է, պիտի ներխուժեր մեր դիտակետը։ Երբ նա զգաց, որ միայնակ է ու շրջապատված, կապվեց կրակային դիրք ու իր կոորդինատորները տալով՝ կրակելու հրաման տվեց։ Հրետանավորները հաշվեցին կոորդինատներն ու տարակուսանքի մեջ ընկան։ Նորից կապվեցին Գենոյի հետ։

- Սխալմունք է երևի, հրամանտա՛ր, նորի՛ց թելադրիր կոորդինատները,- ասում էին տղաները։

- Ոչ, ամեն ինչ ճիշտ է, կրակե՛ք:

- Բայց սա մեր դիտակետն է: Դու ինչ է, քեզ վրա՞ ես կրակ պահանջում։  

- Այդպես է պետք։ Ես միայնակ եմ ու շրջապատված։ Նրանք ուր որ է դիրքս կլցվեն։ Կրակե՛ք։ Ինձ վրա կրակեք, - Գենոյի ձայնը վստահ էր ու առանց վախի նշույլի։ 

Հրետանին կրակ բացեց։ Մեր հրետանավորները տակնուվրա արին տեղանքը։ Շախմատի տախտակի պես քառակուսիների բաժանած կրակ էին թափում։ Երկիրը դղրդում էր կարծես։ Պատերազմի աստվածներն էին գործում։ Միայն մի փոքրիկ հատված էր, որ անվնաս էին թողել՝ կրակային դիրքը: Հրետանին, իհարկե, ոսկերչական նրբությամբ էր աշխատել․․․

Չնայած Գենոն իմ հարյուր տարվա ընկերն է, չնայած որ մինչ այդ էլ հազար ու մի փորձություն ենք անցել, բայց ինձ թվում է, հենց այդ օրը ես բացահայտեցի նրան։ Մի համեստ ու հասարակ մարդու մեջ այդքան քաջություն, այդքան լուռ հերոսություն։
Որքանով ես եմ տեղյակ, դա եզակի երևույթ էր Արցախյան պատերազմի ժամանակ։ Նման տեսարան ես միայն ֆիլմում էի տեսել։ Կարծեմ Ստալինինգրադի պաշտպանության մասին ֆիլմում էր, երբ հերոսն ինքն իր վրա կրակ էր պահանջում։

Ժամանակ անց, երբ Սամվել Բաբայանն ինձ կանչեց ու ասաց, որ երկու մարդ ներկայացնեմ պարգևատրման, առանց վարանելու առաջարկեցի Գենոյին պարգևատրել։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի ասպետ է։ Ձեզ, իհարկե, դրա մասին ոչինչ չի պատմի, բնածին համեստությունը չի փոխել ոչ պատերազմը, ոչ էլ հետպատերազմյան իրականության փորձությունները։

Խնդիրների տակ կքած, բայց հպարտությունը չկորցրած մարդ։ Հպարտ, որովհետև ազնիվ է, որովհետև արժանապատվորեն կատարել է իր գործն ու այսօր էլ հավատարիմ է իր արժեքներին ու գաղափարներին։ Երջանկություն է նման մարդկանց հետ ապրելը, նման ընկեր ունենալը։

Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

Լրահոս
Պուտինը հայտարարություն է արել 6 ժամյա բանակցություններից հետո Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները շարունակվում են ավելի քան 6 ժամ Մեկուկես տարի ամբողջ իշխանական ռեսուրսը զբաղված է երկու հոգով` Ռոբերտ Քոչարյանով և Հրայր Թովմասյանով. Մեդիափորձագետ Արսեն Բաբայանի գործով դատական նիստն այսօր տեղի չի ունենալու (Տեսանյութ) Կրկին թիրախավորվել է ընտանիքը. ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան Նիստ տեղի չի ունեցել, այն նշանակվել է վաղը, Արսեն Բաբայանին դատարան չեն բերել Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին Ակնկալում էի դատարանի առջև տեսնել այն մարդկանց, ում խախտված իրավունքները վերականգնել է Արսեն Բաբայանը. Լիկա Թումանյան Արսեն Բաբայանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում իրավապաշտպանները մեռել են. Մալյան Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը փոխվել է. Իրավապաշտպան Ռուսական նավը աղետի ազդանշան է տվել Նորվեգիայի ափերի մոտ փոթորկի ժամանակ Դատարանը որոշում է Արսեն Բաբայանին կալանավորելու հարցը Մարինա Խաչատրյանը ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ինչպես ջրի երկու կաթիլ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ ՍԴ լիազորություններին տիրանալու կասկածանքով Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (տեսանյութ) Բակո Սահակյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Չո Լա Աունին Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով Ուղեբեռն ինքնաթիռ տեղափոխելիս պայուսակներից մեկը պայթել է (տեսանյութ) Զիմբաբվեի ազգային պարկում սովից ու երաշտից 55 փիղ է սատկել (տեսանյութ) Հենց գաղտնիության շղարշի տակ են քողարկված լինում բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր. Մանե Թանդիլյան (Տեսանյութ) Ինչը որ պետք է գաղտնի անեն, չեն անում, ինչը որ պետք չի անում են. Գևորգ Պետրոսյան 2020թ. բյուեջով նախատեսված եկամուտներն ու ծախսերն իրականում ցույց են տալիս իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները. փորձագետ Սոչիում սկսվել են Էրդողանի և Պուտինի բանակցությունները, գլխավոր թեման Սիրիան է Բաբայանի գործն ապագա չունի. Էդմոն Մարուքյան Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողն ու նրա բնական հարստությունները. Ասադ Սա ուղղակի խայտառակություն է. Էդմոն Մարուքյանը՝ գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին Քննչականից այցելել են «Լուսավոր Հայաստան» Աղասի Ենոքյան. Արսեն Բաբայանի ձերբակալությունը նաև ճնշում է խոսքի ազատության նկատմամբ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունն՝ Արսեն Բաբայանի ապօրինի ձերբակալության կապակցությամբ Վահե Հովհաննիսյան. Իրականություն՝ ոչնչի մասին Արսեն Բաբայանի ձերբակալության որոշման բողոքարկման նիստը կանցնի դռնփակ Արսեն Բաբայանի ձերբակալությունը լրացուցիչ ճնշում է Հրայր Թովմասյանի նկատմամբ. Աղասի Ենոքյան (Տեսանյութ) Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է Տիրող ցինիզմի ու ռեպրեսիվ բեսպրեդելի հատակը դեռ չի երեւում եւ այն անվերջ խորն է. Արման Սաղաթելյան Ծառուկյան. Եթե պարզվի անհիմն է, Բաբայանին ձերբակալողները պետք է պատասխան տան Հայաստանում բուծված ռուսաֆոբների օրակարգը սնանկ է ճանաչվել Ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը. Ռուբեն Մելիքյան Արսեն Բաբայանի ձերբակալումն ապօրինի է. Ռուբեն Մելիքյան Աղասի Ենոքյանի ճեպազրույցը՝ ՀՀ ներքաղաքական իրավիճակի և Արսեն Բաբայանի նկատմամբ տեղի ունեցող իրավական գործընթացների վերաբերյալ. Ուղիղ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan