Երբ մարդը բողոքում է բենզինի թանկացումից, կոռեկտ չէ նրան որպես այլընտրանք առաջարկել գազ

Երբ մարդը բողոքում է բենզինի թանկացումից, կոռեկտ չէ նրան որպես այլընտրանք առաջարկել գազ

Օրեր առաջ վարչապետը անդրադառնալով վառելիքի գնաճին, հայտարարել էր, ու բենզինի թանկացման այլընտրանքը գազն է: Նման առաջարկը ոչ միայն անհեթեթ է, այլև հարիր չէ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդուն: Դա նույնն է, եթե մեկը բողոքի հացի թանկացման համար, նրան առաջարկես խոտ ուտել:

Եթե կարելի է Գերմանիայում կամ Ճապոնիայում արտադրված բենզինով աշխատող շարժիչը Նորագավիթում կամ Չարբախում վերածել գազով աշխատողի, ապա ի՞նչու չի կարելի ներմուծել աջ ղեկով մեքենա ու նույն թաղամասերում վերածել ձախ ղեկի:
Ես բողոքում եմ բենզինի թանկացումից, որովհետև իմ մեքենան արտադրված է բենզինով աշխատելու համար, ցանկանում եմ լսել գոնե բացատրություն, որը թանկացումը օբյեկտիվորեն կարդարացնի, սակայն բացատրության փոխարեն, որպես այլընտրանք առաջարկվում է այն վերափոխել գազի:

Սակայն այս առաջարկին կարելի էր նաև չանդրադառնալ, եթե այսօր Ազգային Ժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը չփորձեր այդ առաջարկը ներկայացնել, որպես վառելիքի թանկացման իրատեսական այլընտրանք, իսկ այլ մթերքների թանկացումներն էլ բարդել հասարակության վրա, հայտարարելով, որ կարտոֆիլն էլ թանկացրել են գյուղացիները ու կառավարությունը դրա հետ որևէ կապ չունի:

Հատկանշական է նաև այն, որ Աղվան Վարդանյանը թանկացումների դեմ պայքարողներին համարում է, որ նրանք խնդիրները մանիպուլյացնում են:
Իսկ մի՞թե մանպուլյացիայից զերծ է Աղվան Վարդանյանի խոսքը: Երբ նա հայտարարում է, որ գազի գինը թանկացել է ընդամենը 20 դրամ, ապա հենց այդ ընդամենը բառն ինքնին մանիպուլյացիոն դրսևորում է: Որևէ ապրանք կամ էժանանում է, կամ թանկանում, կամ էլ առավելագույնը պահպանում իր արժեքը: Այստեղ օգտագործելով ընդամենը բառը, սոսկ միտում է հետապնդում մեղմել հասարակության դժգոհությունը մանիպուլյացիոն մեթոդներով: Եղած, չեղածն ընդամենը 20 դրամ չի՞:

Երբ Աղվան Վարդանյանը հայտարարում է, որ կարտոֆիլը թանկացրել է ոչ թե կառավարությունը, այլ գյուղացին, դա նույնպես մանիպուլյացիա է: Առհասարակ կառավարությունը որևէ մթերք կամ ապրանք չի թանկացնում: Կառավարությունն ընդամենը փոխում է հարկային դրույքաչափերը, ինչի արդյունքում էլ թանկանում է տվյալ ապրանքը:

Երբ թանկանում են առաջին անհրաժեշտության օգտագործման գրեթե բոլոր ապրանքները, ապա այն գյուղացին, որի ապրուստի միջոցը կարտոֆիլն է, նրան այլ բան չի մնում անելու, քան նույնպես իր ապրանքի գնի ավելացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում