Փաստաբանների նկատմամբ տուգանքի կարգավորումը դատական օրենսգրքից հանելը դեռ հարցի լուծում չէ

Փաստաբանների նկատմամբ տուգանքի կարգավորումը դատական օրենսգրքից հանելը դեռ հարցի լուծում չէ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը հանելը և երեք դատավարական օրենսգրքերում ներկայացնելը դեռ հարցի լուծում չէ: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Ազգային Ժողովին և ՀՀ կառավարությանը խնդրանք ենք ներկայացրել` հանել նախագծից փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու մասին կարգավորումը և այդ հարցի լուծման հնարավորությունը վերապահել դատավարական օրենսգրքերին: Ինչո՞ւ ենք այս առաջարկը որպես միջանկյալ լուծում ներկայացրել և ինչպես ենք այն հիմնավորել: Մենք նշել էինք, որ դատավարական օրենսգրքերի ընդունման ժամանակ փաստաբանների պալատը հնարավորություն կունենա ներկայացնել իր փաստարկները առավել բազմակողմանի, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցի դիրքորոշումով: Այսինքն` դատավարական օրենսգրքերով այս հարցի լուծման հիմքում դրված է այն, որ ժամանակ ունենանք ներկայացնելու մեր փաստարկները, որովհետև, կարծում ենք, որ չի կարելի այդպիսի կարգավորում մտցնել»,- ասաց Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահը « Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծից փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի վերաբերյալ կարգավորումը հանելը որպես առաջին փուլ դրական լուծում է համարում, սակայն փաստաբանները պատրաստվում են իրականացնել հաջորդ քայլերը: Նրա խոսքով` եթե փորձ արվի տուգանքի վերաբերյալ կարգավորումը մտցնել «Քաղաքացիական դատավարության» օրենսգիրք, ապա կվերադառնան նույն պայքարի ձևին:

«Գիտենք, որ «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է: 2016 թվականին քաղաքացիական գործերով առաջին ատյանի դատարանում քննվել է 132 հազար 581 գործ, որից միայն 4 դեպքերում է փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվել: Այսինքն` ակնհայտ է, որ քաղաքացիական գործերով դատական տուգանքը որպես սանկցիա կիրառելու անհրաժեշտություն չկա»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում