Հայաստանն ու Արցախը կհամագործակցեն պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում

Հայաստանն ու Արցախը կհամագործակցեն պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում

Հայաստանի մշակույթի նախարարության և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև հուշագիր կստորագրվի՝ պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին։ Այդ կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արցախ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փաստաթուղթը նախատեսում է ոլորտային փոխգործակցություն, համագործակցություն պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման, հնագիտական հրատապ պեղումների, հուշարձանների կադաստրի վարման ոլորտներում և այլն։

Ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր։

Արցախի իր պաշտոնակից Սերգեյ Շահվերդյանի հետ Արմեն Ամիրյանը քննարկելու է նաև կոնկրետ հնարավորությունները՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մի շարք միջոցառումներ նաև դեպի Արցախ ընդլայնելու համար (միջոցառումները Հայաստանում մեկնարկելու են 2018 թվականի գարնանը՝ շարունակվելով մինչև նոյեմբեր)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում