Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Բուշեհր նահանգ

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Բուշեհր նահանգ

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը փետրվարի 5-ին աշխատանքային այցով մեկնեց Իրանի Բուշեհր նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ նահանգապետ Աբդոլքարիմ Գարավանդի, տնտեսական հարցերով փոխնահանգապետ Սայիդ Զարինֆարի, առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Խորշիդ Գազդերազիի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Բուշեհրի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում նահանգի 80 ընկերությունների տնօրենների հետ կայացած հանդիպումը նվիրված էր ՀՀ տնտեսությանը վերաբերող նյութերի և ծրագրերի պրեզենտացիային: Միջոցառման մասնակիցներին և նահանգային պետական կառույցների բոլոր ներկայացուցիչներին տրամադրվեցին տեղեկատվական փաթեթներ ՀՀ-ում ներդրումային պայմանների, ծրագրերի, ազատ գոտիների և մասնավորապես՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտու վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, ներդրումային ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև Հայաստանը՝ որպես երրորդ երկրներ մուտք գործելու համար տնտեսական հարթակ օգտագործելու հնարավորությունները:

Դեսպան Թումանյանն այցելեց նաև Բուշեհրի հատուկ տնտեսական գոտու մի շարք ձեռնարկություններ, ինչպես նաև Բուշեհրի նավահանգիստ:

Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը նահանգապետարանի և Իրանի մշակութային ժառանգության, ձեռնարվեստի և զբոսաշրջության կազմակերպության աշխատակիցների ուղեկցությամբ եղավ նաև Բուշեհրի 18-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցում, որը նահանգային իշխանությունները պատրաստվում են նորոգել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում