Թունավոր նյութերի կլանիչների կիրառումը և´ տնտեսվարողներին ձեռնտու կլինի, և´ քաղցրահամ ջրի պաշարները կխնայի

Թունավոր նյութերի կլանիչների կիրառումը և´ տնտեսվարողներին ձեռնտու կլինի, և´ քաղցրահամ ջրի պաշարները կխնայի

Քաղցրահամ ջրի պաշարների առումով Հայաստանին երանի տվող երկրները քարտեզի վրա քիչ չեն: Իսկ թե որքան ժամանակ մեր երկիրը կմնա նման երանելի կարգավիճակում, կախված է նրանից, թե անսպառ չհամարվող քաղցրահամ ջուրը որքան խնայողաբար կօգտագործվի: ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբոնի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Հարությունյանը մեկն է նրանցից, ովքեր ուղիներ են փնտրում չվերականգնվող ռեսուրսը հնարավորինս խնայողաբար օգտագործելու համար։ «Հայաստանում բնական ադսորբենտների զգալի պաշարներ կան։ Դրանք ալյումինասիլիկատային կավահողեր են, որոնք թունավոր նյութերը՝ այդ թվում և ծանր մետաղները, կլանելու հատկություն ունեն։ Մեծամորի ատոմակայանում օգտագործվող ջրում առկա ռադիոակտիվ նյութերի կլանման համար ցեոլիտները, որոնք ադսորբենտների տեսակ են, շատ արդյունավետ ու նպատակահարմար կարող են լինել»,-հուշում է Լուսինե Հարությունյանն ու հիշեցնում այդ եղանակով ջուրը մաքրելու աշխարհում ընդունված պրակտիկան։

Սննդի արդյունաբերությունից մինչև կենցաղ ձգվող շղթայում ադսորբենտներն ըստ անհրաժեշտության կիրառելու դեպքում հնարավոր կլինի մի քանի անգամ կրճատել օգտագործվող ջրի ծավալը՝ առանց մեծ ջանքերի ու չնչին ծախսերով։ «Լվացման նպատակով օգտագործվող ջուրը, որի մեջ լինում են տարբեր մաքրող, լվացող միջոցներ, հատուկ աշտարակի միջով անցկացնելու դեպքում, որի մեջ նախապես լցված կլինեն ցեոլիտները, կազատվի հիշյալ մակերևութային ակտիվ նյութերից և կարելի կլինի երկրորդ անգամ ևս օգտագործել։ Մյուս կողմից էլ այդ չքայքայվող նյութերը արտաքին միջավայր դուրս չեն գա»,- ասում է Լուսինեն։

Քիմիական գիտությունների դոցենտի նախանշած ջրախնայողության սխեման նույն հաջողությամբ կարող է կիրառվել նաև ձկնաբուծարաններում։ Միայն թե այստեղ ադսորբենտները կկլանեն ամոնիակը և զգալի կկրճատեն դրա արտանետումը մթնոլորտ՝ կենդանի օրգանիզմներին ազատելով առողջությանը սպառնացող պոտենցիալ ռիսկից։ Արդյունքում հիմնական խնդիրը՝ ջրի խնայողությունը ևս ապահովված կլինի։

Մնում է միայն այս՝ լաբորատորիաներում մշակված մոդելները կիրառության մեջ դրվեն, ինչը, սակայն, հազվադեպ է լինում։ Օրինակ՝ հանքը շահագործողին համոզել՝ լվացման ենթարկել թափոնները, Լուսինեի խոսքով, շատ դժվար, շատ դեպքերում էլ անհնար է լինում, իսկ պոչամբարներից նմուշառում անել էլ չեն թույլատրում։ Մինչդեռ խոցելի վայրերում քիմիական կլանիչներ կիրառելու դեպքում, բնապահպանական խնդիրը գոնե լոկալ առումով կարելի կլինի լուծել։

Նման պարագայում փոքր-ինչ ուրախացնում է այն միտքը, որ բնական կլանիչներ որոշ քանակությամբ առկա են նաև Հայաստանի հանքարդյունաբերական շրջաններին հարող տարածքներում՝ հողի մեջ։ «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որոշ աղտոտիչների դեպքում դրանք բնական վիճակում էլ են կիրառելի։ Ուղղակի քիմիական մշակման դեպքում ադսորբենտների կլանողունակությունն ակտիվանում է»,-ասում է Լուսինե Հարությունյանը։

Բայց ադսորբենտների կլանելու հատկությունն էլ անսպառ չէ։ Անընդհատ վերցնելով շրջապատի թունավոր ու վնասակար նյութերը՝ ակտիվ կենտրոնները փակվում, ադսորբենտների կլանունակությունը նվազում է։ «Առաքելությունն» արդեն ավարտած կլանիչները կարող են շինարարության կամ ճանապարհաշինության մեջ օգտագործվել, ինչպես արվում է աշխարհի տարբեր երկրներում։ Քանի որ դրանք ծանր մետաղները վերցնում են քիմիական եղանակով, ուստի վերջինների պոկվելու և կրկին շրջակա միջավայր անցնելու վտանգը գրեթե բացակայում է։

Արդյունաբերական գործունեության թափոնները «վնասազերծող», դրանից հետո էլ ճանապարհաշինության համար հումք ծառայող ադսորբենտների հետքերը տանում են դեպի Հայաստանի հյուսիսարևելյան հատված։ Մեր երկրում ցեոլիտների ամենամեծ պաշարները գտնվում են Նոյեմբերյան, իսկ ադսորբենտների մյուս տեսակինը՝ բենտոնիտներինը, Իջևան քաղաքներում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում