AM | RU
USD
EUR
RUB

Մ. Սահակաշվիլու գրքի հայերեն թարգմանության և երևանյան շնորհանդեսի մասին

 

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն, բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել …»

Հ. Մաթևոսյան

Տևական աղմուկ-աղաղակից հետո երևանյան ակումբներից մեկում ի վերջո կայացավ կամ, ավելի ճիշտ կլինի ասել, կայացրին Մ. Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Շնորհանդեսի կողմնակիցները կուրորեն կամ գիտակցաբար լայն հանրությանը երևույթը ներկայացրին գլխիվայր շուռ տված տեսքով` շնորհանդեսի կազմակերպմանը դեմ հանդես եկողներին միանգամից մեղադրելով գրաքննության, առողջ քննարկումներ թույլ չտալու, գրչի կամ մտքի ազատությանը դեմ հանդես գալու, այլակարծության մերժման և այլնի համար:

ՀՀ-ում գրաքննություն իրականում կա, թե ոչ, վիճելը չէ բնավ. մեր երկրում գիրքը վաղուց դադարել է վտանգ ներկայացնել, և մեր հեղինակները տպագրում են այն, ինչ խելքներին փչում է, և ցանկացած մեկի գիրք, աշխատություն կամ կարծիք, լինի դա իշխանամետ կամ հակաիշխանական բովանդակության, մեր իշխանությունների համար ունի «Շունը հաչում է, քարավանը՝ գնում» նշանակությունը:

Փաստ է նաև, որ մեր գրախանութներում կարելի է գտնել Մ. Սահակաշվիլու գրքից տասն անգամ ավելի «հակառուսական» կամ «արևմտամետ» գրքեր, որոնք ավելի մեծ ու հիմնարար «վտանգ» են ՌԴ-ի համար, և ասել, թե ՌԴ-ն այդքան շուտ վախեցավ հայ արևմտամետ ուժերի զարթոնքից կամ Մ. Սահակաշվիլու «Ուժերի զարթոնքից» և ՀՀ իշխանություններին պարտադրեց արգելել դրա շնորհանդեսը, մի քիչ, մեղմ ասած, լուրջ չէ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկա դարաշրջանում դժվար թե մեկն ուզենա ինչ-որ տեղեկատվություն հասցնել A կետից B կետը և չկարողանա: Իրականում, եթե շնորհանդեսի կողմնակիցներին այդքան շատ պետք էր Սահակաշվիլու մտքերը հասցնել հայ ընթերցողին, նրանք դա կարող էին անել համակարգչային մի քանի կոճակ սեղմելու միջոցով: Ցավոք, իրականում…

Իրականում շնորհանդեսի կողմնակիցներն իրենց քննադատողներից քաղեցին այն, ինչն իրենց պետք էր սկուտեղով ներկայացնել համապատասխան վայրեր: Նրանց մոտ արևմուտքից դրամ շորթելու մոլուցքն այնքան մեծ է, որ լսել անգամ չուզեցին մեզ, թե ինչու հանկարծ դեմ կանգնեցինք ինչ-որ մեկի գրքի շնորհանդեսի կազմակերպանը: Նրանք այդպիսով ոտնահարեցին մեր ազգային արժանապատվությունը: Նրանք հայ ազգի առաջ այլևս մեղավոր են, ինչպես ինքը` Սահակաշվիլին, քանի որ հանցագործության կոծկումը և հանցագործին մեծարելը նույնպես դատապարտելի արարքներ են:

Ոչ-ոք դեմ չէ գրքի հրատարակմանը: Ինքս, որպես մեր տարածաշրջանով հետաքրքրված փորձագետ, նույնպես չեմ հրաժարվի Սահակաշվիլուն կարդալուց: Այստեղ շան գլուխը բոլորովին այլ տեղ է: Կազմակերպելով շնորհանդես` ինքնին արդեն մեծարանքի է արժանանում տվյալ հեղինակը: Այնտեղ հավաքվում են հեղինակին հիմնականում փառաբանելու կամ գովերգելու համար, հնչում են ելույթներ, որոնցով արժևորվում են և' հեղինակը, և' նրա մտքերը: Դատելով կազմակերպիչների ինքնագոհ արտահայտություններից` այդպես է եղել նաև Սահակաշվիլու գրքի պարագայում: Ահա այստեղ է, որ մենք խնդիր ունենք, այո', մենք խնդիր ունենք արժանապատվության վերականգնման:

Շնորհանդեսի կազմակերպիչնե'ր, հիշե'ք (եթե ընդունակ եք հիշելու կամ ունեք հիշողություն ունենալու իրավունքը ), թե ումով է հպարտացել, ումից է ոգեշնչվել և ում գաղափարներով է առաջնորդվել Սահակաշվիլին, հիշե'ք, թե նրա իսկ նախագահության տարիներին ինչպիսի խավար է տիրել հայաբնակ Ջավախքում, ինչպիսի դաժան օրեր են ապրել ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչները` ձեր իսկ ջավախահայ գործընկերները, հիշե'ք, թե ինչ հոգեբանական ապրումներ են ունեցել ձեր հայրենակից ուսուցիչները, ուսանող քույր-եղբայրները, մտավորականներն ու պարզ ջավախքցիները, ովքեր ՀՀ-Վրաստան սահմանին ժամերով հարցաքննվել են իրենց հետ ունեցած հայատառ գրքերի պատճառով, հիշե'ք, որ վրացի սահմանապահներն ամեն օր ստորացրել են ձեր հայրենակիցներին և ծաղրելով ստիպել` հետ ուղարկել իրենց հետ եղած հայատառ գրականությունը, հիշե'ք, որ Ջավախքի դպրոցների ուսուցիչները վախեցել են նշելու հայ ազգային տոները սեփական հայրենիքում, նրանք վախեցել են անգամ մի շոկոլադի սալիկ բացել դպրոցում, քանի որ դա ևս ենթադրում էր հարցաքննություն, հիշե'ք, որ ջավախահայության տեղաբնիկ լեզուն` հայերենը, ինչպես և հայոց պատմությունը, հայ թատրոնը, կինոն, հայ արվեստը, հայ մշակույթը, հայ ուսուցիչը, հայ մտավորականն ու հասարակական գործիչը դարձան հալածանքների թիվ մեկ թիրախը, հիշե'ք, որ Մ. Սահակաշվիլին ինչպես ջավախահայության և ողջ վիրահայության, այնպես էլ նույնչափ ՀՀ-ի համար հանդիսանում է մի սովորական հանցագործ, ինչպես իր հայրենակիցները` Լավրենտի Պավլովիչը կամ Իոսիֆ Վիսարիոնովիչը:

Շնորհանդեսի կազմակերպման ձեր հիմնավորումներից մեկն էլ այն է, որ Սահակաշվիլին Վրաստանի կամ Ուկրաինայի համար պատմական դեմք է: Միգուցե: (Թեև, որպես Վրաստանի հարցերով փարձագետ, այստեղ ևս համակարծիք չեմ): Ասենք` նրա հոգևոր հայր Մուստաֆա Քեմալն էլ Թուրքիայի համար է պատմական դեմք, Հեյդար Ալիրզա օղլին` Ադրբեջանի համար, հարց` մեզ ինչ: Նրանք էլ ունեն գրքեր, ո՞վ է ասում` չկարդանք կամ չքննարկենք, այո', պետք է կարդալ ու ճանաչել հայ ժողովրդի, հայոց պետականության թշնամիներին, այդ թվում` Սահակաշվիլուն, կարդալ ու հասկանալ, բայց ոչ մեծարել ու պատվի արժանացնել: Այո', մի զարմացեք, դուք անկախ ՀՀ-ի սրտում մեծարեցիք քեմալիզմի գաղափարներով ոգեշնչված Սահակաշվիլուն, մերօրյա նույն փոքրիկ Բերիային կամ Ստալինին, ուստի, դուք չունեք տարրական արժանապատվություն և ենթակա եք ամենածանր քննադատության: Ես նաև հավատացած եմ, որ դուք դա արել եք գիտակցաբար` լավ իմանալով Սահակաշվիլու զազրելի արարքները ջավախահայության և հայոց պետականության դեմ:

Մի կարևոր հանգամանք ևս: Շատերն այս օրերին շրջանառեցին ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի և Վրաստանի Նախագահ Մ. Սահակաշվիլու լուսանկարը, որտեղ վերջինս 2009 թ. ամռանը Երևան այցի ժամանակ ՀՀ Նախագահից ստանում է բարձրագույն պարգև` պատվո շքանշան: Այդ օրերին ես ևս, «Միտք» կազմակերպության իմ ընկերների և մի շարք գործիչների շարքում մասնակցեցի ընդդեմ ջավախահայության բռնաճնշումների բողոքի ակցիային: Վերադառնալով խնդրին` փաստեմ, որ սեփական մաշկիս վրա զգալով Սահակաշվիլու ռեժիմի ճնշումները և մասնակցելով բողոքի ակցիային, այդուհանդերձ, որպես պատմաբան, իրավունք ունեմ հուզականից անցնելու սառը դատողությունների և փաստել, որ պետական շահը գերակա ու վեր է ամեն ինչից, և, եթե ՀՀ Նախագահը այս պարագայում իսկապես առաջնորդվել է ՀՀ պետական շահերով և փորձել է Վրաստանի Նախագահի միջոցով լուծել ինչ-ինչ պետական խնդիրներ, ապա Սահակաշվիլուն սիրաշահելն ու շքանշան տալը լիովին օրինաչափ է: Ի վերջո` քիչ չեն նման դեպքերը պատմության մեջ, և կարող ենք վերհիշել, օրինակ, Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեծն Արամ Մանուկյանի օրինակը, ով 1918 թ. ամռան վերջին, Երևանի և Էջմիածնի պատերի տակ մեռնող գաղթականության աչքի առաջ ՀՀ մայրաքաղաքում ջերմորեն ընդունեց Կովկասյան ճակատի թուրքական զորքերի գերագույն հրամանատար Խալիլ փաշային և, նրա հետ գրկախառնվելուն ի պատասխան, նշեց հետևյալը. «Այո', այս ժողովրդի փրկության համար համբուրեցինք մինչև իսկ Խալիլին…» (տե՛ս Վահան Նավասարդյանի հուշերը Արամի մասին): Այո', այդ ծանր օրերին ընդունելով Խալիլ փաշային իր հարկի տակ, ի թիվս այլ հարցերի, մեկ գաղտնի խոսակցության ժամանակ Արամը ձգտել է տվյալ շրջանում թուրքերի ձեռքում գտնվող Կարսի զինապահեստներից Խալիլի միջոցով փամփուշտ ստանալ Հայոց բանակի համար (տե՛ս Ա. Շահխաթունու հուշերը Արամի մասին): Այդ օրերին քիչ չէին մարդիկ և հատկապես` հայրենազուրկ գաղթականները, ովքեր հաճույքով կուզենային ուղղակի մասնատել Խալիլին Երևանում, բայց Արամի խիստ կարգադրությամբ բոլորը զսպեցին իրենց հույզերը: Մեր խնդրի պարագայում ևս օրինաչափ են եղել և' հասարակական գործիչներիս բողոքի դրսևորումները, և' Սերժ Սարգսյանի` որպես ՀՀ Նախագահի պարգևատրումները:

Ես, որպես «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսի կազմակերպումը դատապարտող և վերջինիս արգելումն ազգային արժանապատվության հարց համարող անհատ, ևս մեկ անգամ հայտարարում եմ. հայ սերունդները պետք է լավագույնս ճանաչեն պատմական տարբեր ժամանակներում հայ էթնոսի և հայոց պետականության դեմ գործած բոլոր գործիչներին, որպեսզի այժմ և ընդմիշտ բացառենք նման խայտառակ միջոցառումները, ինչպիսին Սահակաշվիլու մեծարումն էր ՀՀ մայրաքաղաքում:

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

Հասարակական գործունեության պատճառով

2014 թվականից Վրաստանում արգելված անձ



Լրահոս
Պուտինն ու Մակրոնը երկկողմ բանակցություններ են վարում Փարիզում Պուտինը վերջինն է ժամանել Ելիսեյան պալատ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» բանակցություններին Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան (տեսանյութ) Կհանդիպենք վաղը` ժամը 13:00-ին, Նոր Նորքի դատարանի դիմաց. Նարեկ Մալյան (տեսանյութ) Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ Հայ ընթերցողին է ներկայացվել Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը Վերաքննիչում Ռ․ Քոչարյանի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց․ նիստը. Ուղիղ Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է․ «Մեդիա պաշտպան» Արարատի մարզում իշխանությունը ջախջախիչ պարտություն է կրել Կարեն Վրթանեսյան. Չեն բացառվում սադրանքներ, որոնք ուղղված են լինելու մարտնչող Մեհրիբանի կեպարը կերտելուն ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Անժելա Էլիբեգովա. Պետք է սթափվել ու լրջանալ Ասուլիս՝ արցախյան հակամարտության հնարավոր զարգացումների, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ․ Տեսանյութ Ով էլ հիմա դիմի, չեն գա․ Ծառուկյանը՝ ԱՄԷ նախագահի որդու այցի մասին Երկու պատճառ ԿԳՄՍ նախարարի հրաժարական ներկայացնելու համար .Արթուր Ղազինյան ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. Ուղիղ Այն, ինչ տեղի է ունենում, ակնհայտորեն «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակ է հետապնդում. տնօրինություն ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Իշխանությունների՝ Սահմանադրական դատարանի դատավորներից ազատվելու բոլոր քաղաքական փորձերն անարդյունք էին. Արա Ղազարյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 9 Ովքե՞ր են խանգարում Ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ Սենատում Թույլատրելի՞ է արդյոք նման արտահայտությունը բարձրաստիճան պաշտոնյայի կողմից. Ռուբեն Մելիքյան Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Երևանում և ևս 6 մարզում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Մի՛ ջղաձգվեք, Դաշնակցությունն իր օրակարգով շարժվում է առաջ. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի կողմից ծայրահեղ դիրքորոշման պնդումը կհանգեցնի բանակցությունների դադարեցման․ Տիգրան Աբրահամյան Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից Ուտելիքներ, որոնք առաջացնում են աղիքային հիվանդություններ Երևանում շունը հարձակվել է 17-ամյա աղջկա վրա Որոշ շրջաններում օդի ջերմասիճանը կբարձրանա Էրմիտաժ մտնելու համար հերթեր են գոյացել Երևանի պատմության ամենաթանկ ամանորը Բաղդադում կրակոցներից զոհերի թիվը հասել է 50-ի Նոյեմբերին կաթնամթերքի, հացաբուլկեղենի գներն աճել են, շաքարավազինը՝ նվազել Ֆրանսիայում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարը ԱՄՆ-ում հայտարարել են, որ կշարունակեն առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա Թուրքիան կրկին սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները Սիրիայում Ֆինանսների նախարարը դեմ է առողջապահության պարտադիր ապահովագրության նախագծին ԱՄՆ-ը փորձում է տնտեսապես խեղդել Իրանին․ Սերգեյ Լավրով Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմն ավելի քան 130 անգամ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan