Հայ-չինական առևտրաշրջանառության ավելի քան 30 տոկոսանոց աճը գոհացուցիչ է, բայց ակտիվ աշխատանքները շարունակվում են. Աբաջյան

Հայ-չինական առևտրաշրջանառության ավելի քան 30 տոկոսանոց աճը գոհացուցիչ է, բայց ակտիվ աշխատանքները շարունակվում են. Աբաջյան

Չինաստանի հետ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալների ավելի քան 30 տոկոսանոց աճը թեև տպավորիչ է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի համար, բայց ակտիվ աշխատանքները շարունակվելու են նաև այս տարի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:

-Պարոն Աբաջյան, Չինաստանը Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերներից է ու թիրախային ճանաչված շուկաներից մեկը: Հայ-չինական տնտեսական կապերն ամրապնդելու, չինական ներդրումներ ներգրավելու, ինչպես նաև այդ երկիր մեր արտահանման ծավալներն ավելացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել նախորդ տարի։

-Չինաստանն այսօր, անկասկած, Հայաստանի կարևորագույն առևտրատնտեսական գործընկերներից մեկն է: Նախորդ տարի հայ-չինական տնտեսական կապերը զարգացնելու և խորացնելու նպատակով տարբեր միջոցառումներ են անցկացվել թե՛ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում, թե՛ այլ քաղաքներում և մարզերում, հանդիպումներ են տեղի ունեցել տարբեր պետական և մասնավոր կազմակերպությունների հետ, որոնց ներկայացվել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային դաշտը և գրավչությունները։ Առարկայական քննարկումներ են տեղի ունեցել տարբեր ուղղություններով առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ: Մենք փորձել ենք չինացի գործարարներին փոխանցել համապարփակ և ճշգրիտ տեղեկատվություն Հայաստանում և տարածաշրջանում տիրող տնտեսաքաղաքական իրավիճակի վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ շատ հաճախ չինացի գործարարները կամ ընդհանրապես տեղեկացված չեն, կամ ունեն տարբեր աղբյուրներից ստացված ոչ ճշգրիտ, խեղաթյուրված տեղեկատվություն մեր երկրի և տարածաշրջանի վերաբերյալ, ինչը կարող է խոչընդոտել առևտրատնտեսական և մասնավորապես ներդրումային հարաբերությունների զարգացմանը:

Այս ամենից զատ նաև առանձին հանդիպումներ, քննարկումներ և տեղեկատվության փոխանակություն է տեղի ունեցել չինական ընկերությունների հետ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցություն սկսելու առնչությամբ: Այս ամենի և բազմաթիվ այլ գործոնների ազդեցությամբ նախորդ տարի գրանցվեց հայ-չինական առևտրաշրջանառության ցուցանիշի ավելի քան 30 տոկոս աճ։ Թեև սա տպավորիչ ցուցանիշ է, այնուամենայնիվ մենք չենք բավարարվելու այս ցուցանիշով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և մասնավորապես առևտրային ներկայացուցչության ջանքերը միտված են լինելու այս ցուցանիշի շարունակական աճին։ 2018 թվականին ևս ակտիվ աշխատանք ենք ծավալելու Չինաստանից Հայաստան ներդրումներ ներգրավելու և հայկական արտադրության ապրանքների համար դեպի այս թիրախային շուկա մուտքի դռներ գտնելու ուղղությամբ:

-Նախորդ տարի Ձեր և ՉԺՀ-ում ՀՀ դեսպանի ներկայությամբ բացվեց համագործակցության գրասենյակը: Հայկական բիզնեսը որքանո՞վ է ներկայացված այնտեղ և ինչպե՞ս եք պատրաստվում ներգրավել հայ արտահանողներին՝ օգտագործելու այս հարթակը ևս։

-Այո, ինչպես բազմիցս նշել ենք, նոյեմբերի 17-ին ՉԺՀ Ցինտաո քաղաքի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ինովացիոն համագործակցության կենտրոնի առաջարկով և ֆինանսավորմամբ` բացվել է ՉԺՀ-ում Հայաստանի համագործակցության գրասենյակը, որտեղ գործարարներին հնարավորություն է տրվում բացել իրենց ձեռնարկությունների մասնաճյուղերը և զբաղվել իրենց արտադրանքի ներկայացմամբ և իրացմամբ: Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում հանդիպումներ եմ նախաձեռնել տարբեր հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել չինական շուկա մուտք գործելու հնարավորությունները և խոչընդոտները։ Գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրող այդ ընկերությունների, ինչպես նաև տարատեսակ ոչ ալկոհոլային խմիչքների, գյուղատնտեսական պահածոյացված արտադրանքի և շոկոլադի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների հետ հանդիպումների ժամանակ փորձել ենք մանրամասն ներկայացնել նաև Ցինտաոյի համագործակցության գրասենյակի ընձեռած հնարավորությունները:

Հայ գործարարների շրջանում չինական շուկայի վերաբերյալ հետաքրքրվածությունը բավականին մեծ է, սակայն մեծ են նաև ռիսկերը այդ շուկա մուտք գործելու հարցում, ինչի պատճառով հայ գործարարները դեռևս անվստահությամբ և զգուշավորությամբ են մոտենում առկա հնարավորություններին:

Այս ամենը հաշվի առնելով՝ մենք, համագործակցելով չինական և հայկական պետական և մասնավոր շրջանակների հետ, շարունակաբար փորձում ենք անել հնարավորը չինական շուկան հայկական բիզնեսի համար առավել հասանելի և հասկանալի դարձնելու համար: Ինչ վերաբերում է Ցինտաոյի Հայաստանի համագործակցության գրասենյակին, ապա հայ գործարարների հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում պետք է նշեմ, որ այս ուղղությամբ ևս հետաքրքրվածություն կա, և հուսով ենք, որ մոտ ապագայում որոշ աշխատանքային քննարկումների արդյունքում Ցինտաոյում կբացվեն հայկական ընկերությունների ներկայացուցչություններ, և այս հարթակի միջոցով վերջիններիս արտադրանքը ներկայացված կլինի չինական շուկայում:

-Վերջերս շատ է խոսվում չինական շուկայի՝ որպես զբոսաշրջային կարևոր շուկայի թիրախավորման մասին: Կա՞ն արդյոք դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների այցելություններն ավելացնելուն ուղղված քայլեր։

-Չինական շուկան այսօր կարևորագույն զբոսաշրջային շուկա է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։ Այս ուղղությամբ նախորդ տարի հիմնականում փորձել ենք Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների ու առանձնահատկությունների մասին համապարփակ տեղեկատվության տարածում ապահովել: Այս ոլորտում ևս կարևորագույն խնդիրներից մեկը չինացիների շրջանում Հայաստանի վերաբերյալ ոչ ճշգրիտ ու խեղաթյուրված տեղեկատվության կամ էլ առհասարակ վերջինիս լրիվ բացակայության գործոնն է: Աշխատանքներ են տարվում չինական համապատասխան օնլայն տեղեկատվական հարթակներում Հայաստանի մասին տեղեկատվության, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները պատկերող տեսահոլովակների տարածման ուղղությամբ: Վերջիններս անցած տարի բազմիցս ներկայացվել են տարատեսակ միջոցառումների ժամանակ և արժանացել են չինական լսարանի բարձր գնահատանքին: Հարկ է նշել նաև, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի կողմից պատրաստված տեսահոլովակները հատուկ չինական լսարանի համար թարգմանվել են չինարեն: Այս աշխատանքները նույնպես շարունակական բնույթ են կրելու: Բացի դրանից Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմանդրամի հետ այս տարի արդեն մեկնարկել ենք առավել թիրախավորված աշխատանք հայկական և չինական զբոսաշրջային շուկաներում գործող ակտիվ տուրօպերատորների հետ: Փորձելու ենք տեղեկատվության երկկողմանի տարածման և փոխադարձ վստահության ամրապնդման միջոցով երկու կողմերի միջև ստեղծել փոխշահավետ համագործակցության հնարավորություններ, և դրա արդյունքում խթանել դեպի Հայաստան չինացի զբոսաշրջիկների աճը: Հնարավորություն կա նաև օգտագործել վերոնշյալ հայկական գրասենյակի հնարավորությունները չինական շուկայում Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի և առհասարակ Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ: Սպասվում է նաև Հայաստանի մասնակցությունը մի շարք ցուցահանդեսների ոչ միայն զբոսաշրջության, այլ նաև տարատեսակ արտահանվող արտադրանքի ուղղություններում:

2017 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 604 միլիոն 486.6 հազար դոլար, որը 2016-ի համեմատ աճել է 33.3 տոկոսով: Չինաստանը երկրորդ տեղում է Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում` զիջելով միայն Ռուսաստանին: Չինաստանի կշիռն ընդհանուր մեջ 2017-ին կազմել է 9.1 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում