Թե երեկվա միջադեպից ի՞նչ օգուտ են ստանալու Նուբարաշենի բնակիչները՝ հայտնի չէ

Թե երեկվա միջադեպից ի՞նչ օգուտ են ստանալու Նուբարաշենի բնակիչները՝ հայտնի չէ

Երկրորդ օրն է ֆեյսբուքյան տիրույթը բաժանված է երեք մասի: Մի հատվածը քննադատում է Զարուհու և իր կուսակիցների գործողությունները քաղաքապետարանում, մի մասը պախարակում է նրանց քաշքշած ավագանիներին, մյուսներն էլ ուրախ հանդիսատեսի կարգավիճակով, վայելում են տեղի ունեցած «կատակերգությունը»: Այդ ամենից անմասն չեն նաև ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը:

Այն ինչ տեղի ունեցավ քաղաքապետարանում, դա չի կարելի գնահատել որպես դարի խայտառակություն, կամ աննախադեպ երևույթ: Նմանատիպ և էլ ավելի տհաճ միջադեպեր տեղի են ունենում աշխարհի տարբեր մակարդակների օրենսդիր մարմիններում: Բնականաբար, յուրաքանչյուր անձի պայքարի գործողությունների հիմքում ընկած է սեփական մտահորիզոնը, աշխարհայացքը, ինտելեկտը և ներքին կուլտուրան:

Սակայն երեկվա միջադեպի հետագա սխալ զարգացումները հանգեցրին նրան, որ այսօր կոյուղաջրերի հարցի փոխարեն առաջնային դարձան ավագանու անդամի կրծքերը:

Այսօր գոնե մամուլին առաջին հերթին պետք է հետաքրքրեր, թե ի՞նչ լուծում է ստանալու բուն խնդիրը: Ի՞նչքան պետք է շարունակեն Նուբարաշենի բնակիչները օգտագործել գարշահոտ ջուրը: Ե՞րբ է քաղաքապետարանը առաջնային կարգով լուծելու այդ հարցը:

Եթե «Երկիր Ծիրանի» կուսակցության ակցիայի նպատակը Նուբարաշենի ջրի հարցի մասին ահազանգելն էր ու այդ հարցը լուծելը, ապա երեկվա ակցիան կարելի է համարել տապալված: Տապալված՝ այն պարզ պատճառով, որ գրեթե ոչ մեկին նույնիսկ չի հետաքրքրում, շատերը գուցե տեղյակ էլ չեն, թե ի՞նչու այդ կեղտաջրերը բերվեցին քաղաքապետարան:

Գրեթե բոլորին հետաքրքրում է ի՞նչու հրեցին ավագանու անդամին, ի՞նչպես տղամարդն իրեն թույլ տվեց ապտակել կնոջը (կարելի է կարծել կինն իրավունք ունի տղամարդուն ապտակել), ի՞նչից վատացավ Մարտին Վարդազարյանը, ի՞նչ արեց Գոռ Վարդանյանը և ո՞վ ձեռք տվեց տիկնոջ կրծքերին:

Թե այս ամենից ի՞նչ օգուտ են ստանալու Նուբարաշենի բնակիչները, ե՞րբ են զուլալվելու ջրերը, ե՞րբ է առաջնային խնդիրը ստանալու իր լուծումը, հայտնի չէ:

Իսկ եթե «Երկիր Ծիրանի» կուսակցության բուն նպատակը PR ակցիան էր, իր մասին հիշեցնելու հերթական պատրվակը, ապա այս դեպքում երեկվա գործողությունները կարելի է համարել հաջողված: Բոլորս հիշեցինք, որ քաղաքական ներկապնակում նման կուսակցություն կա, գոյություն ունի:

Իրական մտահոգության դեպքում, այսօր նրանք պետք է մամուլի ասուլիս հրավիրեին ու ասուլիսի հիմնական շեշտադրումները լինեին կոյուղաջրերը , այլ ոչ երեկվա միջադեպը:
Երեկվա միջադեպն ընդամենը գլխավոր խնդրի հետևանքն էր, որն այսօր երկրորդելով պատճառը վերածվեց օրակարգային թիվ մեկ հարցի:

Երբ երկրորդական հարցերը մղվում են առաջին պլան, գլխավոր հարցը ոչ միայն մնում է չլուծված, այլև վտանգվում մոռացության մատնվելու:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում