Ինովացիոն կենտրոնում նախագծվող ու արտադրվող սարքերով ծղոտից էներգիա են ստանում, արհեստական անձրև առաջացնում ու չեզոքացնում կարկուտը

Ինովացիոն կենտրոնում նախագծվող ու արտադրվող սարքերով ծղոտից էներգիա են ստանում, արհեստական անձրև առաջացնում ու չեզոքացնում կարկուտը

«Բարվա»-ի նորարարական լուծումները

Ծղոտին, ծառի չոր ճյուղերին ու առաջին հայացքից իրենց «առաքելությունն» ավարտած կենսազանգվածի մյուս բաղադրիչներին Հայաստանի վեց հեռավոր համայնքներում սկսեցին ուրիշ աչքով նայել ընդամենը երկու տարի առաջ: «Կենսազանգվածով ջեռուցման լուծումներ գյուղական համայնքներում»` ԵՄ աջակցությամբ 2015-2017թթ. իրականացված պիլոտային ծրագիրը վեց չգազաֆիկացված համայնքներում ոչ թե ուղղակի ջեռուցման խնդիր լուծեց, այլ դրա համար ամենանպատակահարմար ու անվնաս տարբերակը գտավ: Ջերմային էներգիայի աղբյուրը ո´չ գյուղացիների գրպանին էր դիպչում, ո´չ էլ բնության պահպանությանը, ուստի ծրագրի հաջողությունը կասկածից վեր էր:

ԵՄ հայաստանյան գրասենյակի ծրագիրը կյանքի կոչելուն նպաստել է «Բարվա» ինովացիոն կենտրոնը: Հենց այստեղ նախագծված ու արտադրված վառարաններում է կենսազանգվածը վերածվել էներգիայի: Սա կենտրոնի ոչ առաջին, ոչ էլ վերջին հաջողված լուծումն էր: Մինչ այդ, կենտրոնում նախագծվել ու արտադրվել են հակակարկտային, արհեստական անձրևների խթանման, հակացրտահարության և այլ համակարգեր: Թալինում գտնվող գործարանում արտադրվող համակարգերից որոշները` տեղական, մյուսներն էլ արտաքին շուկա են հանվում:

Կենտրոնի փոխտնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Արման Վարդանյանը հպարությամբ է նշում` «Բարվա»-ի արտադրած համակարգերը մեծ պահանջարկ ունեն Եվրոպայում. գնով 3-4 անգամ զիջում, որակով` եթե ոչ գերազանցում, ապա առնվազն չեն զիջում մրցակիցներին: «Եվրոպական երկրներում` հատկապես Բելգիայում ու Լեհաստանում, մասսայական օգտագործվում են անտիֆրոստ` հակացրտահարության, ինչպես նաև արհեստական անձրևների համակարգերը: Հակացրտահարության համակարգը տրակտորին միացված սայլ է, որը պտտվելով այգու մեջ` աջ ու ձախ կողմերից տաք ու թանձր գոլորշի է արձակում: Նման մեկ համակարգը կարող է 5-6 տարածք պաշտպանել ցրտահարությունից: Պակաս պահանջարկ չունեն նաև հակակարկտայինները. միայն Հայաստանում և Արցախում մինչև հիմա տեղադրվել է մոտ 600 կայան: Բացառությամբ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, ՀՀ մյուս մարզերում կան մեր կայաններից»,-ասում է Արմանն ու փոքր-ինչ մանրամասնում գազագեներատորային հակակարկտային կայանների գործունեության սկզբունքը:-Դրանք հարվածային ալիքներ են գեներացնում, որոնք, որոշակի բարձրությունների հասնելով, կարկտային գոյացությունները ցրում են ու անձրևի տեսքով բերում ներքև»:

Տեսական դաշտի լրացվող բացերը

Ցանկացած խնդրի համար նորարար լուծում փնտրելը «Բարվա»-ի գերնպատակն է արդեն 13 տարի: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ուսանող, այժմ կենտրոնի փոխտնօրեն Արման Վարդանյանը տեսական գիտելիքները գործնականում կիրառելու առաջին հնարավորությունը հենց այստեղ է ստացել: Ուսանողական տարիներից կենտրոնի աշխատանքներում ներգրավված լինելը լրացնում էր Պոլիտեխնիկի աղքատիկ լաբորատորիաների թողած բացը: «Իմ սովորելու տարիներին Պոլիտեխնիկում լաբորատոր փորձեր անելու հնարավորություն, մեղմ ասած, չկար, ուստի ստիպված էինք ուրիշ տեղ փնտրել, որտեղ հնարավոր կլիներ մեր ստացած գիտելիքները կիրառել»,-ասում է այժմ արդեն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Արման Վարդանյանը:

Բուհում սովորելու տարիներին Արմանը նաև մայրենի լեզվով համապատասխան գրականության պակաս է զգացել: Նանոէլեկտրոնիկայի ոլորտին վերաբերող նյութերը ժամանակին օտարալեզու աղբյուրներից քաղած Արմանը փորձում է ինչ-որ չափով լրացնել այդ բացը. նանոէլեկտրոնիկայի հիմնական ուղղությունների, նոր սարքերի ու դրանց աշխատանքի սկզբունքների մասին ընդգրկուն աշխատությունը լույս կտեսնի այս տարվա ընթացքում: Գրքի համահեղինակ Արման Վարդանյանը լիահույս է, որ այն ՏՏ ոլորտով հետաքրքվածներին բավականին նյութ կտա:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում