Եթե Արոնյանը հավակնորդների մրցաշարում հաջողություն ունեցավ, ապա անպայման նվաճելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. Սերժ Սարգսյան

Եթե Արոնյանը հավակնորդների մրցաշարում հաջողություն ունեցավ, ապա անպայման նվաճելու է աշխարհի չեմպիոնի տիտղոսը. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը գրեթե վստահ է, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Բեռլինում ընթացող աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարում հաղթելու դեպքում կդառնա աշխարհի չեմպիոն։

Այս մասին Սերժ Սարգսյանը նշել է՝ հավակնորդների մրցաշարի բացումից հետո պատասխանելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության շախմատային մեկնաբանի հարցին։

«Ես գրեթե վստահ եմ, եթե Լևոնն այստեղ հաջողություն ունեցավ, ապա անպայման նվաճելու է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Սա միանշանակ է»,- շեշտել է ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, ով պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է գտնվել հավակնորդների մրցաշարի բացման արարողությանը և կատարել մրցաշարի առաջին տուրի՝ Լևոն Արոնյան-Դին Լիրեն պարտիայի մեկնարկն ազդարարող խորհրդանշական առաջին քայլը, որից հետո հավակնորդ աշխարհահռչակ ութ ուժեղագույն շախմատիստները խաղատախտակների առաջ սկսել են մրցամարտը:

Մարտի 10-ին մեկնարկած Հավակնորդների մրցաշարի առաջին երկու տուրերում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել և ունի մեկ միավոր։

Բեռլինյան մրցաշարին կմասնակցի ութ ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում