Գրականագետը փաստում է՝ Չարենցը դեռ շատ անտիպ ստեղծագործություններ ունի

Գրականագետը փաստում է՝ Չարենցը դեռ շատ անտիպ ստեղծագործություններ  ունի

Չարենցի տպագրված անտիպ գործերը քիչ չեն, սակայն նա դեռ մեծ անտիպ ժառանգություն ունի:

Մարտի 12-ին Չարենցի ծննդյան 121-ամյակին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը:

«Ուրախալի փաստ է, որ Չարենցի նկատմամբ հետաքրքրությունը վերջին 20-30 տարում մեծացել է: Շարունակվում են չարենցյան հայտնագործությունները, նրա ժառանգության ամփոփման աշխատանքները: Չարենցը մեզ վերջին տարիներին ներկայացավ իր կենսագրության փակ էջերով: Միայն վերջին մի քանի տասնամյակի ընթացքում հրատարակվել է նրա անտիպ գործերի 3 գիրք: «Անտիպ և չհավաքված երկեր» ժողովածուն տպագրվել է 1983 թվականին, 1993-ին տպվեց «Նորահայտ էջեր» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 350 անտիպ վավերագիր: Իսկ անցյալ տարի լույս տեսավ «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգության գիրքը: Դրանում զետեղված են պոեմներ, թարգմանություններ, փաստաթղթեր, նրա կյանքը ներկայացնող վավերագրեր: Բայց անտիպները դեռ միայն այսքանը չեն: Կան Չարենցի անտիպ այլ ստեղծագործություններ ևս, որոնք պահվում են Գևորգ Էմինի պահոցում, ժառանգների մոտ»,-ասաց Գասպարյանը:

Գրականագետը մեծապես կարևորում է Չարենցի այդ գործերը: Անտիպ ժառանգությունն ընդգրկում է գրողի կյանքի վերջին շրջանը: Պահպանված գործերը քիչ չեն: Սակայն պահպանվածներն ու մինչ այժմ տպագրվածները դեռևս ամբողջը չեն: Չարենցի որոշ գործերում հիշատակվում են ինչ-որ աշխատանքներ, որոնք դեռ չկան:

Գասպարյանը կարևորեց նաև անտիպ գործերի մայր տարբերակն ունենալուց բացի նաև մյուս մաքրագրերն ու սևագիր տարբերակներն ունենալը: «Գիրք մնացորդացի» մեջ ամբողջական տպագրված է «Դոֆին նաիրական» շարք: Դա հիմնական տարբերակն է: Սակայն կան նաև 3-4 մաքրագիր տարբերակներ, ինչպես նաև սևագրություններ:

Խոսելով գրողի ձեռագրերի մասին՝ Գասպարյանն ասաց, որ դրանք վատ վիճակում են եղել: «Խորհրդային տարիներին, երբ հանվեցին հողի տակից, դրանց 25 տոկոսը քայքայված էր, թուղթը փշրվում, թափվում էր: Այդ ժամանակ լուծույթներով թուղթն ամրացրեցին, սակայն թանաքը լուծվեց թղթի մեջ, ձեռագրերը դարձան անընթեռնելի: Սակայն այդ փուլն անցել է: Ներկայում գրողի գործերն առկա են Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Գևորգ Էմինի տանը ևս բազմաթիվ գործեր կան : 2008-ին Չարենցի՝ Գևորգ Էմինի մոտ գտնվող ժառանգության մեծ մասը վաճառվեց Գրականության և արվեստի թանգարանին»,-եզրափակեց նա:

Հայ բանաստեղծ, գրող Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարսում: Չարենցի ժառանգությունը շատ հարուստ է. հայտնի ստեղծագործություններից են «Դանթեական առասպել», «Ամբոխները խելագարված» պոեմները, «Գանգրահեր տղան» չափածո նովելը, «Տաղարան» բանաստեղծությունների շարքը, «Էպիքական լուսաբաց», «Գիրք ճանապարհի», «Երկիր Նաիրի» գրքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում