Գերմանացի պատգամավորն իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դադարեցման ուղղությամբ

Գերմանացի պատգամավորն իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դադարեցման ուղղությամբ

Գերմանիայի Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելպկեն մտահոգություն է հայտնել, որ եթե Թուրքիան սիրիական Աֆրինում շարունակի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ապա Աֆրինի խաղաղ բնակչությունը կարող է կանգնել զանգվածային կոտորածի առջև:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Թուրքական զորքերի և Ալ Քաիդայի նման իսլամական խմբավորումների պատճառով Աֆրինից արտագաղթել է մոտ 8 հազար խաղաղ բնակիչ: Եթե միջազգային ուժերը, Եվրոպան և Գերմանիան շարունակեն լռել, Աֆրինում նոր կոտորածներ տեղի կունենան: Գերմանիայի կառավարությունը պետք է րոպե առաջ խախտի լռությունը, իսկ ՆԱՏՕ-ն պետք է գործընկեր Թուրքիային հասկացնի իր գործողությունների անօրինականությունը»,-նշել է գերմանացի պատգամավորը:

Ուլլա Յելպկեն Թուրքիային մեղադրել է նման գործողություններով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ամրապնդմանը նպաստելու, ինչպես նաև այդ շրջանների եզդի և ալևի ժողովուրդների համար սպառնալիք լինելու մեջ:

«Թուրքական բանակն Ալ Քաիդայի և այլ ջիհադական խմբավորումների հետ ակնհայտ կերպով պատճառ է հանդիսանում եզդի և ալևի ժողովուրդների արտագաղթի համար: ԻՊ-ն նոր գործողություններ է ձեռնարկում Թուրքիայի օգնությամբ: Գերմանիան և Եվրոպան մինչև ե՞րբ են մնալու լուռ հանդիսատեսի կարգավիճակում»,- եզրափակել է Յելպկեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում