Մուլտհերոսների ու երեխաների ընկերությունն իրական դարձնող տիկին Ալինան

Մուլտհերոսների ու երեխաների ընկերությունն իրական դարձնող տիկին Ալինան

Մանկության «փափուկ վկաները»

«Գտնված երազ», «Դե սպասիր», «Չեբուրաշկան և Կոկորդիլոս Գենան», «Մաշան և Արջը» ու այլ սիրված մուլտֆիլմերի հերոսները տիկին Ալինայենց տանը ծնվում, բայց այնտեղ կարճ ժամանակ են ապրում։ Փափուկ ու գունեղ խաղալիքներն անմիջապես գտնում են իրենց փոքրիկ տերերին ու՝ ոչ միայն։ Ալինա Գանջալյանի հեղինակած հերոսները երբեմն նաև չափահասների հետ են ընկերանում. «Մի անգամ մի տարեց կին, խաղալիքների մեջ նկատելով «Դե սպասիր»-ի հերոսներին, այնպես ոգևորվեց, որ չեմ կարող բացատրել։ Անմիջապես գնեց գայլն ու նապաստակը և ուրախ-ուրախ հեռացավ։ Սիրած մուլտֆիլմի հերոսները նրա մոտ մանկության հուշեր էին արթնացրել։ Ու դա միակ դեպքը չէր, որ իմ խաղալիքները գնում են մեծահասակները։ Մեկ ուրիշ անգամ էլ մի ռուս կին է «Դե սպասիր»-ի հերոսներին գնել ու էլի ոչ թե երեխայի, այլ հենց իր համար»,-դիմացինին հաճույք պատճառելու առիթների մասին մեծ բավականությամբ է պատմում տիկին Ալինան։

Փոքրիկ բիզնեսի վերածված նախասիրության հիմքերը Ալինա Գանջալյանի մոտ դրվել են դեռևս 40 տարի առաջ։ Իր ու բարեկամների համար հագուստ, տան ինտերիերի պարագաներ էր գործում և նվիրում։ Հոգեկան բավարարվածություն պատճառող զբաղմունքը երկու տարի առաջ, կարելի է ասել, ակամայից, վերաճեց փոքրիկ բիզնեսի. «2016թ. քանի որ կապիկի տարի էր, որոշեցի կապիկ գործել ու բարեկամներիս նվիրել։ Այդպես էլ արեցի ու մինչև Նոր տարի համարյա բոլոր բարեկամներիս համար գործեցի։ Հենց այդ ժամանակ էլ ծագեց միտքը՝ իսկ ինչո՞ւ նաև վաճառքի համար չգործել։ Սկսեցի խաղալիքներ գործել մուլտֆիլմերի հերոսների, կենդանիների կերպարներով»։ Սեփական ձեռքի գործերը մարդկանց ներկայացնելու համար անուն էր պետք մտածել, բայց դրա համար երկար ժամանակ չի պահանջվել։ Երեխաներին ուրախություն պատճառող խաղալիքները հեղինակի մանկության հետ անմիջական կապի մեջ մտան։ Բրենդի համար ընտրվեց «Ալյոնկա» անունը. այդպես տիկին Ալինային մանուկ ժամանակ էին կոչում։

Տնտեսագետ-ինժեների մասանագիտությունն Ալինա Գանջալյանին շատ է օգնել թե´ փոքրիկ բիզնեսը ճիշտ կառավարելու, թե´ կրկնակի պատասխանատվություն պահանջող հաճախորդների՝ փոքրիկների համար անվտանգ ապրանք արտադրելու գործում։ «Թելի ընտրությունը շատ կարևոր է։ Քանի որ հիմնականում երեխաների համար են նախատեսված իմ գործերը, ուստի պետք է թելը, որով խաղալիքի արտաքին մասն եմ գործում, մաքուր, անվնաս թել լինի, չգունաթափվի։ Դրա համար էլ բացառապես բարձրորակ ակրլիլով են աշխատում, միջուկն է սինտիպոնից եմ սարքում։ Տիկնիկների ու կենդանիների դեմքի մասերը կա´մ կարում, կա´մ էլ գործում եմ՝ նայած, թե հաճախորդն ինչպես է ուզում, սոսնձով ոչ մի բան չեմ կպցնում»,-աշխատանքի հիմնական սկզբունքները մանրամասնորեն ներկայացնում է տիկին Ալինան։ Նույնքան մանրակրկտորեն ծախսի ու շահույթի մատյաններն է վարում։ Մեծ թե փոքր՝ բիզնեսը թափթփված վիճակ չի սիրում. ամեն ինչ նպատակային պետք է արվի։

Ցուցահանդեսից սկսված բարեկամությունը

Տիկին Ալինայի հեղինակած գործերն առաջին քննությունը հանձնել են «Այբ» դպրոցում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ։ Փափուկ խաղալիքների տաղավարի առաջացրած մեծ հետաքրքրությունը ոգևորեց նրան, ու խաղալիքների տեսականին կարճ ժամանակահատվածում 35-ից հասավ 120-ի։ Ոչ միայն սեփական նախընտրությամբ, այլև պատվիրատուների պատվերներով է աշխատում մեր զրուցակիցը։ Ով ինչ չափի ու ինչ գույնի խաղալիք ուզում է, Ալինա Գանջալյանը ստեղծում է։

Նրա հեղինակած գործերից շատերը երեխաների անբաժան ընկերներն են դառնում, երբեմն էլ՝ ինքը՝ տիկին Ալինան է երջանկություն ունենում դրան ականատես լինել. «Անցած տարի «Երազ» մանկական կենտրոնում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ թոռան հետ տաղավարիս մոտեցավ մի պապիկ։ Մոտ քառասուն տեսակ խաղալիքների միջից փոքրիկն անմիջապես մատիկով ցույց տվեց մեծ կանաչ գորտը։ Պապը թոռան համար գնեց այն։ Մի քանի ամից անց նորից տեսա այդ երեխային՝ այս անգամ հոր հետ, ու այնպիսի հաճելի զգացողություն ունեցա, երբ տեսա, թե նա ինչպես էր ապուր գրկել այն նույն կանաչ գորտը…»։

Ցուցահանդեսներում հետաքրքիր ու հաճելի դեպքեր շատ են լինում, հիմնական վաճառքը ևս այդ ժամանակ է լինում։ «Երևան Մոլ»-ի իր տաղավարում պակաս հետաքրքիր գործեր չեն ներկայացված, հետաքրքրվողներն էլ քիչ չեն լինում, միայն թե ցանկացողների մի մասի ցածր վճարունակությունը թույլ չի տալիս ձեռք բերել նախընտրած ձեռքի աշխատանքը։ Ըստ այդմ՝ որոշ խաղալիքներ տիկին Ալինան նախատեսածից ցածր գնով է վաճառում։ Նման դեպքերում, թերևս, ամենամեծ մխիթարությունը սիրած մուլտֆիլմի հերոսին գրկած շողացող աչքերով մանուկն է լինում…

Լիլիթ ՊՈՂՈՍՅՍՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում