Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 21-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով խորհրդարան էր այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանի ծավալած գործունեությունը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Իտալիան ժողովրդավարության եւ խորհրդարանական կառավարման առումով օրինակելի երկիր է:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Իտալիայում հայկական համայնքի առկայությունը եւ երկու երկրների մշակութային սերտ կապերի դերը միջպետական կապերի խորացման գործում:

Արա Բաբլոյանի համոզմամբ՝ անհրաժեշտություն կա օրենսդիրների միջեւ կապերն աշխուժացնելու եւ խթանելու խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը:

Ջովաննի Ռիչուլլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Հայաստանը վերջին երկիրն է, որտեղ ինքը դիվանագիտական առաքելություն է իրականացնում: Դեսպանի խոսքով՝ երիտասարդ պետականություն, բայց հնագույն պատմություն ունեցող այս երկիրն իր համար դարձել է հոգեհարազատ:

Անդրադառնալով ԵՄ-ի հետ նախորդ տարի ստորագրված համաձայնագրին՝ Ջովաննի Ռիչուլլին կարեւորել է Հայաստանի՝ եվրոպական համայնքին անդամակցելու կամքն ու ցանկությունը:

Նա վստահություն է հայտնել, որ հաջորդ դեսպանը նունպես կսիրի Հայաստանը եւ կկարողանա նպաստել երկու ժողովուրդների, ինչպես նաեւ պետությունների ու խորհրդարանների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում