Թուրքիայի կողմից Աֆրինում վերահսկողություն սահմանելը քաղաքական առևտրի հետևանք է

Թուրքիայի կողմից Աֆրինում վերահսկողություն սահմանելը քաղաքական առևտրի հետևանք է

Սիրիայի Աֆրին քաղաքի նկատմամբ թուրքական ուժերի կողմից ամբողջական վերահսկողություն սահմանելու գործում քաղաքական առևտուրն ակնհայտ է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Համաձայն չլինելով Սիրիայում Թուրքիայի քայլերին՝ ԱՄՆ-ն ամեն դեպքում չի ցանկանում ամբողջովին առճակատման գնալ: Դա քրդական ուժերին ինչ-որ իմաստով մղեց, որ ետ քաշվեն, և Աֆրինի վիճակը չլինի այն, ինչ եղել է այլ քաղաքներում, որտեղ տարբեր զինյալներ դիմադրել են, երկար ժամանակ պահել բնակավայրերը, սակայն արդյունքում ամբողջությամբ դրանք ավերվել են: Աֆրինում նման բան չեղավ, թեև Թուրքիան հիմա հոխորտում է, որ ինքը հաղթեց, սակայն իրականությունն այն է, որ քրդական ուժերը որոշել են ետ քաշվել և պարտիզանական կռիվներ մղել, որպեսզի ի վերջո Թուրքիային դուրս մղեն այդ շրջանից»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով, բայց հարցը նաև այն է, որ Թուրքիան հայտարարում է, թե սրանով չի սահմանափակվելու, ընդհակառակը իր գործողությունները շարունակելու է հասնելու համար Սիրիա-Իրաք սահման, որպեսզի իր հարավային սահմանի վրա անվտանգ զգա: Այս համատեքստում ի՞նչ վտանգներ կան Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող հայության համար:

«Հյուսիսային հիմնական քաղաքը, որտեղ հայեր են բնակվում, Ղամիշլին է, եթե իսկապես գործողությունները հասնեն այդտեղ, ապա դա կնշանակի հայությունը վտանգի տակ կլինի: Թե որքան հայ է բնակվում այդ հատվածում, հստակ տեղեկություն չկա, սակայն մոտավորապես մի քանի հազարի մասին է խոսքը: Իհարկե, ես վստահ չեմ, որ տարբեր ուժեր` լինեն ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը, թույլ կտան, որ Թուրքիան այդքան ծավալվի»,-ասաց Կիրո Մանոյանը:

Թե որն է այդ կարմիր գիծը, որից այն կողմ միջազգային ուժերը թույլ չեն տա Թուրքիան առաջ գնա, ըստ Կիրո Մանոյանի, դժվար է ասել: Նրա խոսքով՝ Սիրիայում ներկա են բավական հակասական շահերով պետություններ, որոնք ամեն պահի կարող են իրենց կեցվածքը փոխել:

Հաշվի առնելով Սիրիայում տեղի ունեցող զարգացումները՝ Կիրո Մանոյանը նշեց, որ սիրիական խնդրի լուծմանն ուղղված քաղաքական գործընթացը վտանգված է:

«Սիրիական տագնապը շատ շուտ ավարտ չի ունենալու: Այն վաղուց արդեն ներսիրիական խնդիր չէ, այլ վերածվել է տարածաշրջանում շահագրգռված տարբեր ուժերի ուղղակի բախման: Այնպիսի իրավիճակ է, որ Սիրիայի ներքաղաքական խնդիրները լուծելուն հերթը չի հասել: Իհարկե, տարբեր ձևաչափերով քննարկումներ կլինեն, բայց հարցը չի կարգավորվի, մինչև այդ ուժերը դուրս չգան Սիրիայից»,-հավելեց Կիրո Մանոյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում