Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ Ադրբեջանը Թուրքիայի շարունակությունն է տարածաշրջանում. քաղաքագետ

Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ Ադրբեջանը Թուրքիայի շարունակությունն է տարածաշրջանում. քաղաքագետ

Թուրքիան, բացի քաղաքական աջակցությունից, շատ գործուն մասնակցություն է ունենում Ադրբեջանի կայացմանը, սպառազինման աստիճանի մեծացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Թուրքիան այլեւս չի թաքցնում իր մոտեցումը Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի նկատմամբ: Հենց Արցախյան հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ բոլորս գիտենք Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին, այսինքն՝ որևէ միջնորդական կամ հավասարակշռված մոտեցում այնտեղ չկա»,– նշեց նա:

Նրա խոսքով՝ բացի ռազմաքաղաքական համագործակցությունից, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շատ բարձր է նաեւ տնտեսական համագործակցության մակարդակը:

«Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ադրբեջանն ավելի մեծ դերակատարում ունենա միջտարածաշրջանային տարբեր նախագծերում՝ լինեն դրանք տնտեսական, քաղաքական, թե ռազմական համագործակցության նախագծեր»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ թուրք-ադրբեջանական համագործակցության ռիսկերից պաշտպանվելու տարբերակները շատ են, որոնցից առաջինը եւ, թերեւս, ամենակարեւորը տարածաշրջանային անվտանգության այն համակարգն է, որին միացել է Հայաստանը՝ մասնավորապես, խոսքը ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական համագործակցության մասին է:

«Հայկական հարցը, որպես Թուրքիայի ակտիվությունը զսպող մեխանիզմ, աշխատող է, եւ եթե Թուրքիան ցանկանում է հարաբերություններ պահպանել Արեւմուտքի հետ, գոնե ամենակենսական անհրաժեշտության հարաբերությունները, ստիպված կլինի ետ մնալ ագրեսիվ քաղաքականության ավելի խորացումից, որովհետև արժեհամակարգային տիրույթում են սկսում հարցերը դիտարկել»,– ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ պաշտպանության ոչ պակաս կարեւոր մյուս մեխանիզմը, որ կարելի է կիրառել, այն է՝ ցույց տալ աշխարհին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ թուրքական գործոնը Կովկասում ուժեղանում է, Ադրբեջանը ներկայացնել որպես Թուրքիայի շարունակություն այս տարածաշրջանում, հասկացնել, որ եթե բուն միջամտության հնարավորությունից Թուրքիան զրկված է, օրինակ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա Ադրբեջանի միջոցով Թուրքիան շատ ակտիվ գործում է:

«Կարծում եմ՝ այս թեզը հասկանալի և ընկալելի կլինի, կստիպի միջազգային հանրությանը մշակել Թուրքիայի ակտիվությունը զսպելու նոր մեխանիզմներ և դրանով առաջ շարժվել, ինչը, սակայն, դժվար կլինի, քանի որ Թուրքիան սկսել է կարողանալ պայմանավորվել նրանց հետ, իր շահը առաջ տանել»,– նշեց քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում