«Ելք» դաշինքն այլևս գոյություն չունի

«Ելք» դաշինքն այլևս գոյություն չունի

Հավանաբար կարող ենք փաստել, որ ԱԺ դաշինքներից մեկը՝ «Ելք»-ն այլևս գոյություն չունի: Իհարկե իրավաբանորեն այն կմնա, գուցե փորձ արվի երկարացնել նրա փաստացի գոյությունը, բայց դա արդեն կնմանվի մահացածին արհեստական ապարատի միջոցով սրտի աշխատանքները մի քանի օր երկարացնելուն:

Եվ սա օրինաչափ է, քանի որ այդ դաշինքի հետագա համատեղ գործունեությունն այլևս մոտիվացված չէ ու աննպատակահարմար:

Սովորաբար դաշինքները կազմավորվում են կամ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրերի շուրջ: Երկարաժամկետ համագործակցության համար անհրաժեշտ է գաղափարական, ծրագրային միասնություն և սուր ամբիցիաների մեղմում, ինչը չկա տվյալ դաշինքում:

Միայն ընդդիմադիր լինելը դեռ գաղափար չէ, ոչ էլ ծրագիր: Հայաստանում հաճախ ընդդիմադիր են սոսկ այն պատճառով, որ իշխանություն չեն (սա ընդամենը հիշեցման կարգով, ինչը չի վերաբերվում դաշինքի մաս կազմող ուժերին):

Բացի այդ քաղաքականությունը արվեստ է, որը պահանջում է ոչ միայն քաղաքական գրագիտություն, այլև քաղաքական կենսագրություն, անցած ուղի, հետագիծ: Միայն քաղաքական կենսափորձը, քաղաքական գրագիտության հետ համատեղ, կարող են ապահովել արդյունավետ գործունեություն ու հեռահար նպատակների իրականացում:

Սովորաբար ԱԺ պատգամավոր ընտրվելը քաղաքական գործունեության հետևանք է, գործունեության արդյունքում` ամրագրված քաղաքական կարգավիճակ: Իսկ մեզ մոտ հաճախ շատերը նախ ընտրվում են պատգամավոր, հետո նոր սկսում զբաղվել կամ չզբաղվել քաղաքականությամբ (Սա նույնպես հիշեցման կարգով, ինչը վերաբերվում է ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի կողմից առաջադրված որոշ պատգամավորների):

Կարճաժամկետ համագործակցության համար ընդամենն անհրաժեշտ է մոտակա նպատակի ուրվագծում ու շահերի ժամանակավոր համադրում, ինչն էլ տեղի ունեցավ տվյալ դեպքում: Ուժերը մեկը մյուսի աջակցությամբ անցան խորհրդարան, ծրագիրն իրագործվեց, շահերը սպասարկվեցին, ամբիցիաները բավարարվեցին ու հետագա միասնության մոտիվացիան վերջացավ:

Համագործակցության շարունակության համար անհրաժեշտ է նոր մոտիվացիա, ինչը չկա: Անհրաժեշտ են նոր շահեր, որոնք տվյալ դեպքում տարբեր են: Անհրաժեշտ է նաև ամբիցիաների համադրում, սակայն շատ դժվար է բոլորին համոզել հրաժարվել սեփական պատկերացումներից, սեփական մոտեցումներից ու ամբիցիաներից և բոլորով լծվել մեկ մարդու ամբիցիաների բավարարմանը:

Ի դեպ, այս ամենը նորմալ է ու լիովին տեղավորվում է քաղաքական տրամաբանության շրջանակներում: Քաղաքական դաշինքները խորանի առջև տրված ամուսնական երդումներ չեն, որպեսզի մինչ ի մահ հավատարիմ մնան մեկը մյուսին: Քաղաքական միավորը կոչված է սպասարկելու նրա անդամների մոտեցումներն ու պատկերացումները: Այլ խոսքով, քաղաքական միավորը գործիք է ծրագրերն իրականացնելու համար ու այն օրը, երբ այդ գործիքը դառնում է ոչ արդյունավետ պետք է հրաժարվել դրանից: Կառչած մնալով անարդյունավետ գործիքից, մեծ է հավանականությունը, որ ժամանակի ընթացքում անարդյունավետ կդառնան և այդ գործիքն օգտագործողները:

Սա «Ելք» դաշինքի փլուզման կանխատեսում չէ, այլ իրականություն, որի մասին ազդարարում են հենց իրենք, դաշինքի մաս կազմողները:

Երբ Մանե Թանդիլյանը լրագրողներին հայտարարում է, որ ԱԺ-ում գունավոր ծուխ բաց թողնելը համաձայնեցված չէր ու նման քայլը գործընկերային չէ, դա նշանակում է, որ այդ երկու ուժերն այլևս չեն կարող ընթանալ նույն ճանապարհով (Լուսավոր Հայաստան-Քաղաքացիական Պայմանագիր):

Երբ «Հայկական Ժամանակն» իր էջում ներկայացնում է հատված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից ու հարցը սկսում է Քոչարյանի վարչապետ Արամ Սարգսյան ձևակերպմամբ (նույնիսկ եթե այդ հարցը տրվել էր ուրիշի կողմից, գործընկերային նորմալ հարաբերությունները ենթադրում էին հարցը տպագրելիս ձևափոխել: Չեմ կարծում մեր ներկա քաղաքական դաշտում կան այն աստիճանի գերօբյեկտիվ մարդիկ, ովքեր առաջնորդվում են Պլատոնն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի կարևոր է մոտեցմամբ), դա նշանակում է այդ երկու ուժերի համագործակցության մոտալուտ ավարտ (Հանրապետություն-Քաղաքացիական Պայմանագիր):

Առավել ևս, որ Արամ Սարգսյանին Քոչարյանի վարչապետ համարելը կատարյալ տգիտություն է, եթե ոչ շանտաժ:

Ինչ վերաբերվում է ԱԺ մյուս՝ «Ծառուկյան» դաշինքին, ապա այն երբեք չի փլուզվի, քանի որ ըստ էության նման դաշինք գոյություն չունի, կա ընդամենը «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն:

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում