Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր

Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր

Դամասկոսի հայ համայնքը մայրաքաղաքի մյուս բնակիչների նման դիմագրավել է ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիան: «Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Հայաստան-Սիրիա» խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը: «Միակողմանի գործողությունները կամ ագրեսիան միջազգային իրավունքի սկզբունքների խախտում են, որը կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս, ինչը, միևնույն ժամանակ, ինքնիշխան պետության սկզբունքների կոպիտ խախտում է: 7 տարուց ավելի է արդեն մեր ժողովուրդը դիմադրում էր միջազգային ահաբեկչությանը, իսկ հիմա էլ դիմադրում է նման ագրեսիայի: Սիրիայի ժողովուրդն ավելի է ամրապնդում ինքնիշխանության հիմքերը: Այսօր առավոտյան քաղաքի հրապարակները լցված էին քաղաքացիներով, որոնք տոնում էին հաղթանակը ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիայի դեմ, որը չկարողացավ իր նպատակին հասնել»,-հավելեց պատգամավորը:

Նրա խոսքով` սիրիական բանակի հաղորդագրությամբ հաստատվել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային ուղղված հրթիռային հարվածներն իրականացվել են առավոտյան ժամերին: «Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խափանել են 100-ից ավելի հրթիռներ, որոնց թիրախն էր Դամասկոսի Պերզե շրջանի ռազմահետազոտական կենտրոնը և այլ ռազմակայաններ, ինչպես Հոմս քաղաքի մոտ, ուր միայն նյութական վնաս են կրել»,-հայտնեց Նորա Ասիրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում