Վոլգոգրադցիները մշտապես հիշում ու հարգում են իրենց քաղաքը պաշտպանած հայ հերոսների հիշատակը

Վոլգոգրադցիները մշտապես հիշում ու հարգում են իրենց քաղաքը պաշտպանած հայ հերոսների հիշատակը

Վոլգոգրադի (նախկինում՝ Ստալինգրադ) բնակիչները մշտապես հիշում և հարգում են իրենց քաղաքի համար պատերազմ մղած ու զոհված հայ հերոսների հիշատակը:

Լրագրողների հետ հանդիպմանը «Ստալինգրադի ճակատամարտ» թանգարան-արգելոցի բաժնի պետ, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Սվետլանա Արգասցևան լրագրողների հետ հանդիպմանը ճակատամարտի 75-ամյակի առթիվ խոսեց հայերի մասնակցության և մեծ դերի մասին:

«Մեր քաղաքը պաշտպանել են նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր հանրապետությունները: Ստալինգրադցիները մշտապես հարգում են նրանց հիշատակը, ովքեր զենքով պաշտպանել են քաղաքը և զոհվել: Մեր քաղաքի հայ պաշտպաններն եղել են շուրջ 200 000: Նրանք Կարմիր բանակի շարքերում մեծ թիվ են կազմել: Ստալինգրադի համար պայքարել է երեք դիվիզիա, որոնք ունեցել են հայկական անվանումներ»,-ասաց Արգասցևան:

76-րդ հրաձգային դիվիզիան Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է հենց առաջին օրից: Դիվիզիան աչքի է ընկել իր արիությամբ: 1942-ին այն վերափոխվել է 51-րդ գվարդիական դիվիզիայի: Արգասցևայի փաստմամբ՝ քաղաքում ներկայում կա պողոտա, որը կրում է 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի անվանումը: Այդ պողոտայում կա նաև հուշահամալիր, որը պատմում է դիվիզիայի պատմության մասին:

«Ստալինգրադի պաշտպանությանն առաջին օրից մասնակցել և խիզախությամբ աչքի է ընկել նաև հայտնի 50-րդ գվարդիական դիվիզիան, որը վերափոխվել է 136-րդի: Այն պաշտպանել է Ստալինգրադի հարավային հատվածը: Աչքի ընկած 138-րդ հրաձգային դիվիզիայում հայերի թիվը ևս բավականին մեծ է եղել»,-նշեց Սվետլանա Արգասցևան:

Հայ հերոսներից շատերի լուսանկարները, անձնական իրերը «Ստալինգրադի ճակատամարտ» թանգարան-արգելոցի մշտական ցուցադրությունում են: «Մենք շատ երկար ժամանակ ընկերություն ենք արել հերոս Սուրեն Միրզոյանի հետ, ով բնակվում էր Երևանում: Նա՝ որպես Ստալինգրադի ճակատամարտի մասնակից, որոշել էր, որ մահից հետո իրեն պետք է հուղարկավորեն այնտեղ, որտեղ թաղված են նաև իր զինակից ընկերները: Մեր թանգարանում ներկայացված են նաև այն հայ օդաչուի անձնական իրերը, ով պաշտպանել է Ստալինգրադի երկինքը: Քաղաքի պաշտպանների թվում է եղել նաև Համլետ Դալլաքյանը, ով այդ օրերին ապահովել է կապ ու հետո այդ մասին գրել երկու գիրք»,-ասաց Արգասցևան:

Նա նկատեց՝ ոչ միայն հայերը, այլ նաև նրանց երկիրը՝ Հայաստանը, այդ տարիներին շատ է օգնել Ստալինգրադին: Հավաքել է 25 մլն ռուբլի ու տրամադրել քաղաքի համար նախատեսված ֆոնդին: Շինարարության համար 200 մասնագետ է ուղարկել, որոնք մասնակցություն են ունեցել քաղաքի վերականգնման գործում:

Ստալինգրադի ճակատամարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի հիմնական և վճռական ճակատամարտն էր, որում նացիստական Գերմանիան և նրա դաշնակիցները կռվում էին Սովետական Միության դեմ՝ Ստալինգրադ քաղաքի գրավման համար։ Քաղաքի պաշտպանությունը տեղի է ունեցել 1942 թ. օգոստոսի 23-ից մինչև 1943 թ. փետրվարի 2-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում