Վիգեն Սարգսյանը հայաստանյան դեպքերը համարում է ժողովրդավարության կայացման հերթական փորձաշրջան

Վիգեն Սարգսյանը հայաստանյան դեպքերը համարում է ժողովրդավարության կայացման հերթական փորձաշրջան

Խորհրդարանական ժողովրդավարության համար այդքան էլ լավ չէ, երբ ազատ կամարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ և այդ գործընթացում ստիպված սկսում են ներգրավվել իրավապահները:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Իրականում համարում եմ, որ ավանդույթի, ժամանակի հարց է, որ խորհրդարանական ձայն ունեցող ընդդիմությունը և փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունը ժամանակի մեջ իրարից սկսի տարբերակվել, քանի որ խորհրդարանական ընդդիմության հրաշքը հենց դրա մեջ է. այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն և ունի ներկայացվածություն խորհրդարանում, ունի խնդիրները լուծելու այլ գործիքակազմ, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունը և ստիպված է դիմել փողոցին»,- հայտարարեց Սարգսյանը:

Նա տեղ ունեցող գործընթացները համարեց որպես հերթական փորձաշրջան երկրի ժողովրդավարության կայացման համար:

Անդրադառնալով հարցին՝ կապված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ձերբակալման հետ՝ նա կարևորեց, որ խափանման միջոցի և դրա հետ կապված իրավական ձևակերպումների վերաբերյալ հարցը պարզաբանվի իրավապահների կողմից:

«Երեկ պատշաճ տեղեկատվությունը տարածվել է: Պատգամավորների պարագայում կան հստակ ընթացակարգեր, որը պետք է հաղթահարվի՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ընթացակարգեր: Ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է»,- ընդգծեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում