Ոստիկանները, լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար

Ոստիկանները, լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններում ոստիկանությունն օգտագործում է այն նույն գործիքակազմը, որը կիրառվում է ամենաքաղաքակիրթ, ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում: ՀՀ պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության գործողություններին:

«Ես հասկանում եմ, որ այն, ինչ հիմա կասեմ, կարող է շատ մարդկանց մոտ որոշակի արձագանք առաջացնել, բայց ցանկացած զանգվածային հավաքի ժամանակ, և ես դա տեսել եմ ամենատարբեր երկրներում, ոստիկանության գործողությունները, ինչքան էլ արհեստավարժ լինի այդ ոստիկանությունը, պատրաստված լինի, միջոցներ ունենա, միշտ կարող է ուժի կիրառման անհրաժեշտության կամ համաչափության եզրին գտնվել»,- ասաց Սարգսյանը:

Նա կարևորեց այն, որ առաջիկա ընթացակարգերի ժամանակ քննության առնվեն բոլոր այն սխալմունքները, որոնք իրականում եղել են: Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծեց, որ պակաս կարևոր չէ ոստիկանության գործունեության նկատմամբ ի սկզբանե ապրիորի մեղավորության կանխավարկածի բացառումը:

«Այդ մարդիկ, շատ լուրջ վտանգելով իրենց, ծառայում են յուրաքանչյուր վայրկյան հանրային կարգը պահպանելու համար: Դա կարող է դուր գալ կամ չգալ միջոցառման կազմակերպիչներին, բայց հավատացնում եմ ձեզ՝ անգործության հետևանքներն անհամեմատ ավելի ծանր կարող են լինել, քան այն գործողությունները, որոնք ոստիկանությունն ի պաշտոնե պարտավոր է կատարել»,- հայտարարեց պաշտպանության նախարարը:

Նա կոչ արեց ամեն բան դիտարկել համաչափության մեջ: «Հորդորում եմ ձեզ, եթե ուզում եք համեմատության որոշակի եզրեր դնել, դիտեք ամենաքաղաքակիրթ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող երկրներում զանգվածային հավաքների արձագանքման տեսակադրերը, որոնք շատ-շատ կան համացանցում՝ սկսած Ֆրանսիայից, Գերմանիայից մինչև Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիա, և ուղղակի համադրեք: Այսինքն, ոչ մի նոր բան ՀՀ ոստիկանությունը չի հորինել: Հայկական ոստիկանությունն օգտագործում է այն նույն գործիքակազմը, որ գոյություն ունի, և ի պատիվ ոստիկանության պետք է ասել, որ տարիների ընթացքում նրանք կարողացել են անցկացնել այն աշխատանքը, որն անհրաժեշտ է արհեստավարժության մակարդակ ունենալու համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում