Հավաքներին, ցույցերին դպրոցականների, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է

Հավաքներին, ցույցերին դպրոցականների, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է

Հավաքներին, ցույցերին դպրոցականների, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ես, իրոք, համարում եմ, որ այս գործընթացում դպրոցականների, մանկահասակ երեխաների ներգրավումը կարմիր գիծ է, նրանց պետք է տարբերակել ուսանողներից: Ես երեխաներին ներգրավելու գործում տեսնում եմ մի քանի խնդիր: Առաջինը կապված է անվտանգության հետ: Երթերը, ցույցերն անցկացվում են փողոցների երթևեկելի մասով, հաճախ դա արվում է մեքենաների բռնի արգելափակմամբ տեղաշարժը խանգարելով և այլն: Ես յուրաքանչյուր վայրկյան մտքում նաև աղոթում եմ, որ մեկի նյարդերը տեղի չտա և ոտքը արգելակի փոխարեն «գազին» չդնի: Ցավոք, նման իրավիճակում դա ևս հնարավոր է»,-ասաց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ այն ծնողը, ով իր երեխային բերում է դպրոց, իրավունք ունի դասից հետո նրան վերցնել և տանել տուն: Նա բացարձակ պարտավոր չէ քաղաքով ընկնել և ման գալ, տեսնել, թե երեխան որտեղ է հայտնվել:

«Երկրորդ խնդիրն ինձ համար գաղափարական ու բարոյական մակարդակում է: Այս օրերին շատ ենք տեսնում, երբ երեխաներին կանգնեցնում են տեսախցիկի առջև, բեմահարթակին և շատ ոգևորությամբ ընդունում այն, որ մանկահասակ երեխան փորձում է զուգահեռներ անցկացնել հավաքի ներկա առաջնորդի ու Մոնթե Մելքոնյանի միջև: Նա ոչ Մոնթեին գիտի, ոչ էլ առաջնորդին կարող է գնահատել: Կամ երբ նա կոչերով դիմում է ոստիկանին՝ խաղարկելով «ոստիկան», «միլիցա» բառերը: Դա պատիվ չի բերում, ես նորից եմ ասում, երեխաներին այս գործում ներգրավելը կարմիր գիծ է»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը նշեց, որ ինքը մտահոգված չէ, թե ինչ է պատահելու, երբ զորակոչվեն մարդիկ, ովքեր մասնակցել են քաղաքացիական անհնազանդությանը:

«Ես նկատի չունեմ, որ բանակ պետք է գա չկայացած մարդ: Ես ասում եմ, որ բանակը պետք է միջոց լինի լրացուցիչ հնարավորություն տալու առումով: Բանակն ունի հրամանատարներ, ընթացակարգեր, և բանակը պետք է մեկ քայլ առաջ լինի, լինի հասարակության դպրոցն ու դարբնոցը»,-հավելեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում