Եթե Նիկոլ Փաշինյանը հարմար գտնի, ապա մենք պատրաստ ենք հանդիպել. Կոնստանտին Զատուլին

Եթե Նիկոլ Փաշինյանը հարմար գտնի, ապա մենք պատրաստ ենք հանդիպել. Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը պատրաստ է հանդիպել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Արմենպրես»-ի սրահում հրավիրված ասուլիսում Կոնստանտին Զատուլինը նշեց, որ արդեն մի շարք հանդիպումներ ունեցել են: Հանդիպել են Հայաստանի խորհրդարանի ղեկավարության՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և իր գործընկերների հետ: Այսօր կայացել են հանդիպումներ խորհրդարանի խմբակցությունների հետ:

«Ես անձամբ հնարավորություն պետք է ունենայի հանդիպելու «Ելք» դաշինքի խմբակցության ներկայացուցիչների հետ, այնուհետև՝ Դաշնակցության: «Ելք»-ից չեկան այն կազմով, որ մենք սպասում էին, մոտ կես ժամից միացավ պարոն Միրզոյանը, ով հանդես եկավ ելույթով, պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին: Մյուսների բացակայությունը նա բացատրեց այսպես, որ վիրավորված են պարոն Ռիժկովի գնահատականներից: Ես ինքս այդ տհաճ միջադեպի ժամանակ ներկա չեմ եղել, և չգիտեմ, թե ինչ վիրավորվածության մասին է խոսքը: Ես միայն ցավում եմ, որ խմբակցության ներկայացուցիչները, որոնք բազմիցս հայտարարել են իրենց առաջնորդի վարչապետ դառնալու մասին, ահա այդպես խոցելի են, և որ պատրաստ չեն շփվել ամբողջ կազմով»,-ասաց Զատուլինը: Նա ընդգծեց, որ պատրաստ են բոլորի, այդ թվում Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկումներ անցկացնել ներքաղաքական հարցերի հետ կապված: Կոնստանտին Զատուլինը նշեց, որ տեղյակ են՝ Նիկոլ Փաշինյանը Երևանում չէ, միգուցե դրա համար չի կարողացել ներկա լինել, և իրենք դա հասկանում են:

Լրագրողների խնդրանքով, նա մեկնաբանեց Նիկոլայ Ռիժկովի գնահատականները:

«Ես չեմ պատրաստվում այստեղ ինչ-որ մեկին արդարացնել կամ ինչ-որ մեկի փոխարեն ներողություն խնդրել: Կարող եմ ասել, որ Նիկոլայ Ռիժկովը բավական ազնիվ, իր տեսակետները բաց արտահայտող գործիչ է: Նա ենթադրել է բաց խոսակցություն և խոսել է այնպես, ինչպես անհրաժեշտ է համարել: Ճիշտ է ասել, թե ոչ, կարող են գնահատել լսողները, դուք, մենք, բայց ես չեմ պատրաստվում այստեղ հանդես գալ ուսուցչի դերում և Նիկոլայ Ռիժկովին դասեր տալ: Ի դեպ, եթե չեմ սխալվում, այս տարի լրանում է նրա 90 ամյակը: Եվ ես խորհուրդ կտայի ճանճից փիղ չսարքել»,-ավելացրեց Կոնստանտին Զատուլինը:

Նա տեղեկացրեց, որ օրակարգում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ հանդիպումն է:

«Կարեն Կարապետյանին ես այդքան մոտ չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ Ռուսաստանում իրեն շատ լավ գիտեն, և իրեն բարձր են գնահատում: Ուզում ենք մեր աջակցությունը հայտնել Կարեն Կարապետյանին, ում բաժին է ընկել դժվար խնդիր: Ես չգիտեմ, արդյոք նա կառաջադրվի, թե ոչ, կարող են լինել նաև այլ թեկնածուներ: Բայց իր հետ հանդիպմանը ես կխոսեմ այն մասին, որ նոր կրքեր չավելացվեն ներկա իրավիճակին: Մենք հետաքրքրված ենք, որ խնդիրը լուծվի օրինական ճանապարհով, խորհրադարանի ներսում: Ռուսաստանը ուշադիր հետևելու է գործընթացներին: Եթե այդ գործընթացը խափանվի, ով էլ լինի, փորձ անի այդ պրոցեսը ուժի միջոցով փոխել, ապա ես վստահ չեմ, որ մենք դա Ռուսաստանում միանշանակ կընդունենք: Մենք ստիպված կլինենք գալ դե ֆակտո, այլ ոչ թե դե յուրե հարաբերություններին: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասաց նա:

Կոնստանտին Զատուլինը նշեց, որ հանդիպել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Լրագրողները խնդրեցին մանրամասներ ներկայացել Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից:

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերում բոլորին: Կարող եմ ասել, որ մենք քննարկել ենք հայաստանյան ներքաղաքական զարգացումները, նրա գնահատականները բավական սթափ են: Թե ինչ դիտարկումներ են հնչել, ես իրավասու չեմ ներկայացնելու: Կարող եմ ասել, որ պարոն Քոչարյանը հայրենասեր է, ինչպես և Հայաստանի մյուս ղեկավարները, նա ցանկանում է բարեկեցություն իր երկրին»,-հավելեց Կոնստանտին Զատուլինը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում