Շարմազանովը համոզիչ չհամարեց Փաշինյանի դիտարկումները ԵԱՏՄ-ի և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ

Շարմազանովը համոզիչ չհամարեց Փաշինյանի դիտարկումները ԵԱՏՄ-ի և Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը համոզիչ չհամարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթն արտաքին քաղաքականության տեսլականի մասին՝ ընդգծելով, որ թեկնածուի պաշտոնում նրա հայտարարությունները կտրուկ տարբերվում են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններից: Այս մասին ՀՀԿ-ական պատգամավորն ասաց Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ:

Շարմազանովն իր հարցի սկզբում հիշեցրեց, որ «Ելք» խմբակցությունը տարիներ շարունակ քննադատել է Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունը, երբեմն շատ խիստ: «Դուք և ձեր խմբակցությունը քննադատել եք մեզ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համար: Ավելին, ոչ միայն քննադատել եք, այլև նախաձեռնել եք օրենսդրական գործընթաց, որպեսզի մենք դուրս գանք ԵԱՏՄ-ից և համարել եք, որ դա Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սխալներից մեկն է: Վերջին օրերի ընթացքում թե՛ ռուսական լրատվամիջոցներին, թե՛ այսօր խորհրդարանում դուք նշեցիք, որ ձեր վարչապետ ընտրվելու պարագայում Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից: Թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես Ազգային ժողովի փոխնախագահ, թե՛ որպես հասարակ քաղաքացի ուզում եմ անկեղծորեն մի հարց տալ՝ մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը որպես հիմք ընդունենք: Այն ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի, ով ասում է ԵԱՏՄ-ից պետք է դուրս գալ, թե արդեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, ով ասում է, որ ԵԱՏՄ-ից չպետք է դուրս գալ»,- հարցրեց Շարմազանովը: Նա հարցադրում արեց նաև, թե արդյոք հնարավոր է Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու պարագայում սա չլինի եզակի դեպք, որտեղ 180 աստիճանով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը և քայլերը կտարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններից:

Պատասխանելով ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի հարցադրմանը՝ Փաշինյանը չհերքեց, որ ինքը դեմ է քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, ինչը նշանակում է, որ նա դեմ է եղել Հայաստանի անդամակցությանը կառույցին: «Այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և մենք, լինելով քաղաքական ու պետական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների ու փաստերի հետ:Կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ու պետական գործիչ, ով ելնում է Հայաստանի շահերից, պետք է հենց այդպես էլ վարվի»,- նշեց վարչապետի թեկնածուն:

Նա հիշեցրեց, որ նախորդ գումարման Ազգային ժողովում, երբ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էր առաջադրվել, նա դեմ է քվեարկել այդ նախագծին և պատճառաբանությունը եղել է հետևյալը. հատկապես արտաքին քաղաքական բնագավառում կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար: «Կարծում եմ, որ պետական գործիչներն ու իշխանություններն ընդհանրապես պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց, այսպես ասած, քմահաճույքներով, այլև ձեռնարկեն գործողություններ, որոնք բխում են ազգային շահերից: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարությանը, երբ դու ընդդիմության ներկայացուցիչ ես, հնարավորություն չունես խնդիրները, որոնք մասնավորապես կապված են ԵԱՏՄ հետ, ուղղակիորեն քննարկել գործընկերների հետ, և տվյալ դեպքում փնտրվում է գործիքակազմ, որպեսզի այդ հարցերը հնարավորինս լսելի ձևով բարձրաձայնվեն: Երբ իշխանության ներկայացուցիչ ես, կա հնարավորություն բոլոր այդ հարցեը ըստ առաջնահերթությունների դասավորել և քննարկել գործընկերների հետ՝ համբերատար, փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Մենք այդպես էլ կվարվենք, եթե իրադարձություններն ընթանան այն սցենարով, որ մենք պետք է դրանով զբաղվենք»,- նշեց նա:

Փաշինյանը ևս մեկ անգամ բարձրաձայնեց, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու պարագայում ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելու հարց չի բարձրացնելու: «Սա չի նշանակում, որ ես ասում եմ ԵԱՏՄ-ում ամեն ինչ իդեալական է: Ոչ, կան խնդիրներ՝ ինչպես ցանկացած կազմակերպությունում: Մենք կաշխատենք գործընկերության մթնոլորտում բոլոր այդ հացերը քննարկել ու հասնել լուծումների: Համոզված եմ, որ այդպես էլ կլինի»,- ասաց նա:

Շարմազանովի համար, սակայն, նրա մտքերը համոզիչ չհնչեցին: «Այն կարծիքին չեմ, որ ընդդիմության ներկայացուցչի խոսքը պետք է պակաս պատասխանատու լինի, քան իշխանության գործչինը: Եթե ընդդիմություն ես և գալիս ես իշխանության, չի նշանակում, որ միայն իշխանությունը պետք է առաջնորդվի պետական շահերով: Իմ կարծիքով՝ գործչի, քաղաքական կուսակցության արտաքին ու ներքին քաղաքական պլատֆորմը պետք է լինի հստակ: Դուք այսօր շատ լավ ապացուցեիք, որ ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքականությունը բխում է ՀՀ պետական շահերից, և մեր մուտքը ԵԱՏՄ սպասարկել է ՀՀ պետական շահը, որի համար Ձեզ շատ շնորհակալ եմ»,- հայտարարեց Շարմազանովը:

Փաշինյանը հրաժարվեց բանավեճի մեջ մտնել նրա հետ՝ նշելով միայն, որ ինքն արձանագրել է՝ պետական ու քաղաքական գործիչները պարտավոր են հաշվի նստել իրողությունների հետ: «Կարծում եմ՝ մեր երկրի պատմության ընթացքում շատ ենք բախվել իրավիճակների, երբ քաղաքական և պետական գործիչներն ակնհայտ իրողությունների հետ հաշվի չեն նստել, և դա բերել է որոշակի ցնցումների ու խնդիրների: Ըստ էության, ես չեմ ասում, որ ընդդիմության կամ իշխանության խոսքը պետք է լինի ավել կամ պակաս պատասխանատու: Ասում եմ, որ իշխանություն կամ ընդդիմություն լինելը գործառույթ է, ունի գործողությունների ու ազատությունների, գործիքակազմի որոշակի շրջանակ, և դա միշտ չէ, որ նույնական են առնվազն 100 տոկոսով»,- հայտարարեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում