Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց հայ-վրացական հարաբերությունների զարգացման իր տեսլականը
Նմանատիպ
Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ չի կարող հայ-վրացական հարաբերությունը հենված լինել ոչ հայ-վրացական հարթության վրա:
Մայիսի 1-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է հայ-վրացական հարաբերությունների զարգացման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տեսլականը:
Թորոսյանի խոսքով` Միխեիլ Սահակաշվիլու կառավարման տարիների հայ-վրացական հարաբերությունները շատ ֆորմալ բնույթ են կրել, որովհետև Սահակաշվիլին, առաջնայնություն տալով աշխարհաքաղաքական կողմնորոշմանը, Վրաստանը դրեց թուրք-ադրբեջանական ազդեցության ներքո, որն ավելի խորացրեց Վրաստանի ոչ հայանպաստ դիրքորոշումը:
«Սահակաշվիլու կառավարումից հետո նոր իշխանությունները փորձում են ավելի առաջնայնություն տալ Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանում ընդհանուր շահերին, որը նոր հնարավորություն է բացում ավելի անաչառ և արդյունավետ երկխոսության համար: Այս համատեքստում կցանկանայի, որպեսզի դուք ներկայացնենք ձեր տեսլականը հայ-վրացական հարաբերություններում»,- ասաց Թորոսյանը:
Փաշինյանը պատասխանեց, որ հայ-վրացական հարաբերությունները պետք է առավելագույնս զերծ մնան աշխարհաքաղաքական ազդեցությունից, որովհետև շատ դեպքերում այդ հարաբերություններում լարվածություն է առաջացել ոչ թե այն պատճառով, որ երկու երկրների հարաբերությունների բնականոն գործընթացն է բերել այդ լարվածության, այլ հարցերը դիտարկվել են ոչ թե հայ-վրացական հարաբերությունների, այլև ինչ-որ ուրիշ հարաբերությունների համատեքստում:
« Չի կարող հայ-վրացական հարաբերությունը հենված լինել ոչ հայ-վրացական հարթության վրա: Երբեմն այդ փորձերը, այդ սխալները տեղի են ունեցել: Նրանք որոշակի ռիսկեր արդեն իսկ ստեղծել են»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաև նշեց, որ վրացահայ համայնքի կյանքի կազմակերպման հետ կապված նոր սկզբունք պետք է դրվի:
«Կարծում եմ, որ փոխադարձաբար ինքնության հետ կապված բացառիկ հարգանքը պետք է դառնա այն անկյունաքարը, որի վրա էլ ավելի կհզորանա հայ-վրացական հարաբերությունը»,- ընդգծեց Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում