Շիրակի մարզը ծաղկելու է. Արթուր Խաչատրյանը եզրափակիչ ասուլիս է տվել

Շիրակի մարզը ծաղկելու է. Արթուր Խաչատրյանը եզրափակիչ ասուլիս է տվել

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մայիսի 3-ից վայր է դնում մարզպետի լիազորությունները: Այս մասին մարզի լրատվամիջոցների հետ եզրափակիչ ասուլիսում նշեց Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ ՀՀ կառավարությունն ընդունել է ապրիլի 26-ին իր ներկայացրած հրաժարականի դիմումը: 

Մարզպետն ուղերձով դիմեց շիրակցիներին՝ նշելով, որ իր պարտականություններն այս ընթացքում իրականացրել է՝ առաջնորդվելով բարոյականության, հանրային շահի գերակայության և մասնագիտական արհեստավարժության սկզբունքներով ու պատկերացումներով: «Այս սկզբունքներին հավատարիմ եմ մնացել մինչև վերջ: 11 ամիս առաջ, երբ նշանակվեցի մարզպետ, հայտարարեցի, որ Շիրակի մարզ «խոպան» չեմ եկել, եկել եմ, որ համատեղ աշխատանքով կարողանանք մարզի վրայից ջնջել աղետի գոտու պիտակը, փոխել մարդկանց հոռետեսական տրամադրությունը, ստեղծել աշխատատեղեր և կանխել արտագաղթը: Ունեի երկարաժամկետ բազմաթիվ ծրագրեր ու լուծելիք խնդիրներ. ինչ-որ բան հաջողվեց, ինչ-որ բան չհասցրեցինք»,- նշեց Շիրակի մարզպետը՝ կարևորելով այս ընթացքում Գյումրու նախկին «Շիրակ» հյուրանոցի վերակառուցման, «Տեքստիլագործների պալատ»-ի վերանորոգման, Ամասիա և Սարապատ համայնքների ոռոգման համակարգերի կառուցման փորձագիտական գնահատման ավարտի, մարզի՝ տուրիզմի և ՏՏ ոլորտների զարգացման,ընթացքի մեջ գտնվող համայնքային նշանակության տասնյակ, այդ թվում նաև Շիրակի ՝ ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագրերը:

«Ամուր հիմքերի վրա ենք դրել մարզի զբոսաշրջության զարգացման գործընթացը: Ապրիլին մարզ պետք է այցելեին Հայաստանի առաջատար զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչները: Լիահույս եմ, որ այդ այցը դեռ կկայանա: Ամռանը նախատեսել ենք մի քանի խոշոր միջոցառում, որոնք Շիրակը մեկընդմիշտ կդիրքավորեն, որպես զբոսաշրջային կենտրոն: Քննարկման փուլում է Արփի լճի շրջակայքում զբոսաշրջային կենտրոնի կառուցման ծրագիրը: Սակայն ամենակարևորը կարողացանք փոխել մարզպետարանի աշխատանքի ոճը` աշխատեցինք ավելի պրոֆեսիոնալ, դարձանք ավելի թափանցիկ ու հասանելի մեր քաղաքացիների համար: Միգուցե ես շատ պահանջկոտ եմ եղել իմ գործընկերների նկատմամբ, բայց ինքս ինձանից տասնապատիկ ավելի պահանջկոտ եմ եղել: Անմնացորդ ներդրել եմ իմ ուժն ու եռանդը, գիտելիքներն ու փորձը` պետական ծառայողի իմ պարտքը լավագույնս կատարելու համար»,-դիմելով շիրակցիներին նշեց Արթուր Խաչատրյանը:

Նա հույս հայտնեց, որ Շիրակի մարզը ծաղկելու է: «Հավատում եմ մեր երկրի հզորացմանը, Շիրակի մարզի ծաղկմանը: Ցանկանում եմ, որ ինձ հիշեն որպես Գյումրիում հանգիստ զբոսնող, բոլորի հետ խանութի դրամարկղում հերթ կանգնող ու երիտասարդ ցուցարարների հետ մարզպետարանի աստիճաններին զրուցող պարզ մարդու»,-նշեց Արթուր Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր տեղական, միջազգային, հասարակական և պետական կառույցներից արդյունավետ աշխատանքի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում