Բլոկչեյն տեխնոլոգիան՝ թվային նոր աշխարհի վերափոխիչ. Hyperloop-ի գործադիր տնօրենը Երևանում խոսել է նոր միտումների մասին

Բլոկչեյն տեխնոլոգիան՝ թվային նոր աշխարհի վերափոխիչ. Hyperloop-ի գործադիր տնօրենը Երևանում խոսել է նոր միտումների մասին

Մարդատար և բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացքի նախագիծը մշակող «Hyperloop Transportation Technologies» ընկերության գործադիր տնօրեն Դիրք Ահլբորնը բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման ջատագով է: Օրեր առաջ նա Երևանում էր՝ մասնակցելու «Հայկական բլոկչեյն համաժողովին», որի ժամանակ հանդես եկավ «Բլոկչեյն փիլիսոփայությունը ժամանակակից թվային աշխարհի վերափոխիչ» զեկույցով:

Դիրք Ահլբորնը նկատեց, որ բլոկչեյն տեխնոլոգիաները լավ ու անվտանգ եղանակ են, որոնցով հնարավոր է իրականացնել գործարքներ և կնքել համաձայնագրեր, որոնք ապահովում են բարձր թափանցիկություն: «Այն ապակենտրոնացված ուղի է, որի միջոցով հնարավոր է տեղեկանալ, թե գործարքներն ինչպես են տեղի ունենում: Երբ դու իրականացնում ես քաղաքական ընտրություն բլոկչեյն տեխնոլոգիայով, դրանք չեն կարող կեղծվել: Երբ դու հողային ռեգիստրն ես վարում բլոկչեյն տեխնոլոգիայով, հստակորեն գիտես՝ ով ինչ է սեփականաշնորհել ու որտեղ: Դա ամրագրվում է ամեն տեղ»,-նշեց նա:

Ընկերությունների թափանցիկ կառավարման և ներդրողների առջև հաշվետվողականության ապահովման համար ևս բլոկչեյն տեխնոլոգիաներն անփոխարինելի են: «Ներդրողները տեղյակ են լինում, թե ուր է գնում գումարը, օրինակ, անընդհատ կարողանում են հետևել ընկերության կառավարմանը: Այն միայն դրական երևույթ է, որը կարող է օգտագործվել ամենուր»,-հավելեց մասնագետը: Միակ խնդիրն, ըստ Ահլբորնի, բլոկչեյն տեխնոլոգիաներով աշխատող կրիպտոարժույթների շուրջ ակտիվ գովազդն է, որով մարդիկ մտածում են՝ կարող են շատ արագ հարստանալ: «Արժույթները մի բան են, բլոկչեյն տեխնոլոգիաները մեկ այլ: Կան տարբերություններ քոինների, թոքենների և բլոկչեյն տեխնոլոգիաների միջև: Միակ խնդիրը, որ ինձ անհնանգստացնում է՝ ագրեսիվ գովազդն է, որ մարդիկ շատ արագ կարող են հարստանալ: Բայց ապագան ավելի շատ տեխնոլոգիաներինն է, որոնք դուք օգտագործում եք»,-նշեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանին ու այստեղ նրա հետագա ծրագրերին, Դիրք Ալհբորնը նկատեց, որ միշտ հետաքրքրված է տարբեր երկրներ գնալով ու տեղի խնդիրներն ու հնարավորությունները բացահայտելով, Հայաստանն այդ իմաստով բացառություն չէ: «Ես եկել եմ, որպեսզի ավելի լավ ճանաչեմ Հայաստանը, հանդիպեմ որոշ պաշտոնյաների հետ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

«Հայկական բլոկչեյն համաժողովը» Երևանում էր համախմբել ոլորտի շուրջ 600 մասնագետի աշխարհի 20 երկրից: Նրանց թվում էին ներդրողներ, որոնց ինվեստիցիոն պորտֆելը գերազանցում էր 10 միլիարդ դոլարը:

Հայփերլուփը (Hyperloop) մարդատար և բեռնատար ուղևորությունների համար նախատեսված վակուումային գնացքի նախագիծ է: Առաջին անգամ ներկայացվել է Tesla և SpaceX ընկերությունների թիմի կողմից: Այժմ աշխատանքներ են տարվում գաղափարը կյանքի կոչելու ուղղությամբ: Հայփերլուփը երկաթե խողովակի միջով երկրի մակերևույթից որոշակի բարձրության վրա երթևեկության իրականացումն է՝ առանց օդի կամ շփման ուժի դիմադրության` տեղափոխելով մարդկանց կամ օբյեկտները օպտիմալ արագությամբ կամ արագացմամբ: Նախագծողները ծրագրում են ժամում մինչև 1200 կմ/ժ արագությամբ փոխադրման հնարավորություն ստեղծել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում