Գագիկ Մակարյանի խոսքով՝ Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններն ազդել են նաև տնտեսության վրա

Գագիկ Մակարյանի խոսքով՝ Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններն ազդել են նաև տնտեսության վրա

Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձությունները որոշակի առումով ազդել են նաև տնտեսության վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ 5 օր չաշխատելը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) վրա ազդում է մոտավորապես 2 տոկոսով: «Եթե մենք հաշվարկենք, որ 10 օր չենք աշխատել, կարող ենք ենթադրել, որ վնասը ՀՆԱ-ի առումով կազմել է 3-4 տոկոս»,-ասաց նա:

Մակարյանը համոզված է, սակայն, որ վերականգնող ճանապարհով գնալու դեպքում, ինչպես նաև ժողովրդի և բիզնեսի ոգևորություն պարագայում, հնարավոր է տարեվերջին լավ ցուցանիշների հասնել: «1 միլիոն դոլարի սահմաններում այսօր կարելի է 2 ժամանակակից ձեռնարկություն հիմնել, որոնցից յուրաքանչյուրում աշխատի առնվազն 50 մարդ»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ վերջերս հանդիպել է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող գործարարներից մեկի հետ, ով նշել է, որ վերջին օրերին վաճառքի ծավալները նվազել են 70 տոկոսով: «Սուպերմարկետները չէին վերցնում արտադրանքը, ժողովուրդն էլ զբաղված էր խնդիրներով և առևտուր չէր անում»,-ասաց նա:

Մակարյանը տնտեսության զարգացման գործում կարևորեց նաև կադրային խնդիրը: «Պետք է չբավարարվել սեփական կուսակցությունների շրջանակում, այլ պետք է դուրս նայել դրանից, քանի որ թե սփյուռքում և թե Հայաստանում ունենք տեխնոկրատ մասնագետներ»,-հավելեց բանախոսը:

Անդրադառնալով Հայաստանի տնտեսության մեջ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կատարած ներդրմանը՝ Գագիկ Մակարյանն ասաց, որ տնտեսության մեջ Կարեն Կարապետյանի հետքը դրական էր: «Նոր կառավարությունը պետք է ակտիվ և անկողմնակալ շարունակի տնտեսության մեջ հրատապ խնդիրների լուծումը»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում