Փաշինյանի ընտրվելու դեպքում դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կգտնեն կառավարությունում. Արայիկ Հարությունյան

Փաշինյանի ընտրվելու դեպքում դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կգտնեն կառավարությունում. Արայիկ Հարությունյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ ընտրվելու դեպքում կադրային խնդիր չի լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշեց, որ կա բավարար կադրային ռեսուրս նոր կառավարություն կազմելու համար: «Դա չի նշանակում, որ կառավարությունը մի կուսակցության ձեռքում է լինելու, այլ «ազգային համաձայնության կառավարություն» է կազմվելու: Դաշտում առկա արհեստավարժ կադրերը տեղ կգտնեն կառավարությունում: Սփյուռքից կան մասնագետներ, ովքեր ցանկություն են հայտնել մեզ հետ քննարկել ծրագրային որոշ դրույթներ և առաջարկներով հանդես գալ: Ինչպիսին կլինի կազմը` կիմանանք մայիսի 8-ից հետո»,- ասաց Հարությունյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամը հայտնեց, որ դեռ կառավարության նոր կազմի հարց չի քննարկվել: «Առաջիկա 1-2 օրերի ընթացքում այդ հարցը կքննարկվի. պայմանավորվածություն ունենք մեր կուսակցությունում, որ այդ հարցը քննարկելու ենք»,– նշեց Հարությունյանը: Նա գրեթե վստահ է, որ մայիսի 8-ին ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրությանը ընտրվելու է Նիկոլ Փաշինյանը, սակայն ցանկացած զարգացման իրենց թիմը պատրաստ է և բոլոր դեպքերի համար ունեն համապատասխան քայլեր:

Ըստ Հարությունյանի` Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում նոր կառավարությունը դառնալու է ազատ և արդար արտահերթ ընտրութունների անցկացման երաշխավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում