Արևելագետի գնահատմամբ՝ Իրանի և Իսրայելի բախումը թեժանալու է

Արևելագետի գնահատմամբ՝ Իրանի և Իսրայելի բախումը թեժանալու է

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Իրանի միջուկային պայմանագրից ամերիկյան կողմի դուրս գալու հայտարարությունից հետո Իրանի և Իսրայելի հարաբերությունները լարվել են: Արևելագետ Գոհար Իսկանդարյանը չբացառեց, որ Իսրայելը հարվածներ կհասցնի Իրանի բոլոր այն օբյեկտներին, որոնք կհամարի ռազմավարական:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ, Գոհար Իսկանդարյանը նման կարծիք հայտնեց մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Ոչ միայն ԱՄՆ-ն է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառում, այլ նաև տարածաշրջանն է հայտնվում շատ լարված վիճակում: Իսրայելական կողմը Սիրիայի տարածքում հարվածել է իրանական բազաներին: Իրանական կողմը հայտարարել է, որ իրենք 15 զոհ ունեն: Այս գիշեր Իրանն էլ Գոլանի բարձունքում հարվածել է իսրայելական կողմին: Թեև վերջինս հայտարարում է, որ իրենց հակահրթիռային կայանները կարողացել են որսալ, և վնասներն այնքան էլ մեծ չեն եղել: Թեժանալու է: Իսրայելը հասկանում է, որ իր համար ստեղծվել է լավ շրջան, քանի որ այն, ինչ փափագում էր այս տարիների ընթացքում, ԱՄՆ նախագահ Թրամփը նրան թույլ է տալիս»,-ասաց Իսկանդարյանն ու հավելեց, որ Իսրայելն ամեն կերպ կփորձի իրականացնել իր պլանները՝ Իրանին կապանքների մեջ առնելու համար:

Նրա կարծիքով՝ շատ հնարավոր է, որ Իսրայելը փորձի հարվածներ հասցնել իրանական այն օբյեկտներին, որոնք համարի ռազմավարական: «Բայց, կարծում եմ, դա բավական ծանր կլինի Իսրայելի համար: Այդ երկիրն ունի հրթիռներ որսալու կայաններ, բայց մեծաքանակ հրթիռների դեպքում դրանք դժվար թե կարողանան ճշգրտորեն իրականացնել»,-ասաց Իսկանդարյանը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի այցը Մոսկվա նա ևս պայմանավորեց հենց այդ հանգամանքով: Սակայն, արևելագետի կարծիքով, Ռուսաստանը գոնե ինֆորմացիոն դաշտում կաջակցի Իրանին՝ ինֆորմացիա կտա, թե ինչ է պատրաստվում իրականացվել արբանյակների միջոցով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում