Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը որևէ կերպ չի փոխվել, բոլոր եղած հարցերը շարունակում են արդիական մնալ

Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը որևէ կերպ չի փոխվել, բոլոր եղած հարցերը շարունակում են արդիական մնալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի դիրքորոշումը Հայաստանի հետ սահմանվում է ոչ թե իշխանություն-իշխանություն, այլ պետություն-պետություն մակարդակում: Հետևաբար, իրանական քաղաքականությունը Հայաստանի հանդեպ որևէ դեպքում չի փոխվել և չի փոխվելու:

Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերություններին հայաստանյան իրադարձությունների համատեքստում:

«Հայաստանը Իրանի համար հյուսիսի անվտանգությունն ապահովող, Հարավային Կովկասում իրանական շահերը ապահովող կարևոր պետություն է: Դա գիտակցում է Իրանի ցանկացած վարչակարգ՝ անկախ նրանից, թե Հայաստանում ինչ իշխանություններ են: Այս համատեքստում Իրանը մեզ համար ևս չափազանց կարևոր է, հաշվի առնելով, որ Իրանի միջոցով մենք ապահովում ենք ցամաքային ելք Մերձավոր Արևելք, Պարսից ծոցի տարածաշրջան»,-ասաց իրանագետը:

Վարդան Ոսկանյանը նշեց, որ կայացել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի ու Իրանի նախագահի միջև: Իրանական աղբյուրները փոխանցում են, որ Հայաստանը կրկին հավաստիացրել է՝ որևէ դեպքում չի մասնակցելու հակաիրանական գործողության: Ըստ իրանագետի՝ դա շատ կարևոր շեշտադրում է:

Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգը որևէ կերպ չի փոխվել, բոլոր եղած հարցերը շարունակում են արդիական մնալ: Վարդան Ոսկանյանը նշեց, որ կարելի է օգտագործել Սփյուռքի հայության շրջանում ՀՀ վարչապետի ունեցած հեղինակությունը:

«Ես կարծում եմ, որ պետք է այդ ներուժն օգտագործել նաև Սփյուռքից միջոցներ հրապուրելու համար Հայաստան-Իրան երկաթուղու ծրագրի կյանքի կոչման համար: Բազմիցս ասել եմ, որ այս ծրագիրը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում հայության ներուժի մոբիլիզացիան մնում է արդիական: Մենք պետք է այդ ծրագիրն իրականացնենք ամեն գնով: Դրանից բացի, ավարտին հասցնենք Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ծրագիրը: ՀՀ վարչապետը հարցազրույցներից մեկում շեշտադրել է Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, որը ևս կարևոր է»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում