Բողոքի ակցիա՝ Արարատի ցեմենտի գործարանի մոտ, բեռնատարները փակել են գործարանի մուտքը

Բողոքի ակցիա՝ Արարատի ցեմենտի գործարանի մոտ, բեռնատարները փակել են գործարանի մուտքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, Թերթ.am: Արարատի ցեմենտի գործարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Գործարան է ժամանել «Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, ով առաջարկել է փոքր խմբի հետ քննարկում անել:

«Որ ամեն արտադրամասից մի-մի հոգի գա, բանակցեն, բայց դե չենք համաձայնվում, որովհետև իրենց այդ հնարավորությունը տրվել էր, բայց իրենք ուրիշ բան արեցին»,- Tert.am-ին ասաց աշխատակիցներից մեկը։

Վերջինս նշեց, թե Սեդրակ Առուստամյանն ու արտադրամասի պետերը, որոնք անձամբ են սպառնացել աշխատակիցներին աշխատանքից ազատել, նշում են, թե դա սուտ ինֆորմացիա է, նման բան չկա:

«Հենց արտադրամասի պետերը, որ ըտենց բաներ էին ասում, իրենք էին հերքում, ժողովուրդն էլ պատասխանում էր, իրենք չէին կարողանում պատասխանել»,- ավելացրեց նա:

Գործարանի մուտքը շարունակում է փակ մնալ:

Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցներն այսօր առավոտյան բողոքի ակցիա են սկսել գործարանի մոտ։ Ինչպես Tert.am–ին հայտնեց գործարանի աշխատակիցը, որը ցանկացավ անանուն մնալ, ամբողջ գործարանը մեկ մարդու նման կանգնած է ցեմենտի գործարանի բակում, իսկ գործարանի մուտքը փակված է ցեմենտով բեռնված տասնյակ մեքենաներով:

 «Ներկա պահին ողջ գործարանը կանգնած է: «Ցեմենտանվոզներով» սաղ փակած է, ղեկավարները գալիս համոզում են, որ բացենք, բայց նման բան չկա»,- ասաց գործարանի աշխատակիցը:

Նշենք, որ գիշերն արդեն իսկ խմբագրությունն ահազանգ էր ստացել, որ առավոտյան ժամը 7-30 Արարատ ցեմենտ գործարանի աշխատակիցները փակելու են գործարանի մուտքը և պահանջելու են հարգել իրենց աշխատանքային իրավունքները կապված այն հանգամանքի հետ, որ օրեր առաջ բարձրաձայնել են աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ և արժանացել աշխատանքից հեռացվելու սպառնալիքին: Աշխատակիցները պահանջում են Գագիկ Ծառուկյանի ներկայությունը, ում ընտանիքին պատկանում է գործարանը:

«Պահանջում ենք, որ Ծառուկյանը ներկայանա, հոգնել ենք, որ տարբեր մարդիկ ինչ-որ պատասխաններ են տալիս»,- ասաց գործարանի աշխատակիցը:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ևս Արարատի ցեմենտի գործարանում շուրջ 1200 աշխատակիցներից մոտ կեսը բողոքի ակցիա էին իրականացրել գործարանի դիմաց՝ պահանջելով իրենց 50-80 հազար դրամի աշխատավարձերի բարձրացում։ Նրանք նաև պահանջել էին են մինչև մայիսի 20-ը վճարել ապրիլի աշխատավարձերը:

Գործարարնի տնօրեն Մանուկ Առաքելյանն իջել էր և աշխատողներին հրավիրել գործարանի դահլիճ՝ հարցերը քննարկելու համար, ապա առաջարկվել էր սպասել մինչև մայիսի 25-ը. այդ օրը կպատասխանեն՝ համաձա՞յն են, թե՞ ոչ։

Աշխատակիցների պահանջն է՝ նվազագույն աշխատավարձը դարձնել 150 000 դրամ:

Մեկնաբանելով այն, որ աշխատակիցները փաստացի չեն սպասել մինչև մայիսի 25-ը գործարանի աշխատակիցը նկատեց, որ իրենք հասկացել են, որ գործարանի ղեկավարությունն իրենց փաստորեն խաբել է, ժամանակ է շահել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում