Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ

Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի կառավարությունն առաջարկելու է մեծածավալ փոփոխություններ թե հակամենաշնորհային քաղաքականության, թե բիզնես միջավայրի բարելավման, թե արտահանման հնարավորությունների նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ: ՀՀ նախագահի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Արդեն ներկայացրել ենք առաջարկներ, որոնք հիմնված են այս ընթացքում մեր տնտեսության թույլ կողմերը բացահայտելու և դրանք ուժեղացնելու վրա: Մենք նոր օրենսդրական և կիրառական գործիքներով պետք է հանդես գանք, որպեսզի ներդրումների պաշտպանությունն ավելի բարձր լինի»,-  նշեց Մինասյանը:

Նախարարն ընդգծեց, որ այս պահին շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդրումներ անել: «Նոր կառավարությունը պետք է կարողանա երկրին, մեր ժողովրդին շատ ավելի մեծ տնտեսական արդյունավետ համակարգ թողնել: Ներդրումներ կատարելու առումով ցանկություն հայտնողներ շատ կան, միայն մնում է, որ մենք կարողանանք երաշխիքային նոր գործիքներ առաջարկել, որ դրանք վերածվեն իրական ներդրումների»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանը մանրամասնեց, որ խոսքը քաղաքական ռիսկերից ապահովված լինելու մասին է` սկսած փոխարժեքի հնարավոր տատանումներից մինչև արտաքին միջամտությամբ հնարավոր ռիսկեր, որի արդյունքում ներդրողը կարող է կորուստներ ունենալ: Նա նշեց, որ Համաշխարհային բանկն էլ հանդես է եկել առաջարկով, որ պատրաստ է Հայաստանին օգնել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում:

Նրա գնահատմամբ` անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ներդրողները համոզված լինեն, որ իրենք ունեն պաշտպանվելու հնարավորություն նաև վերպետական արբիտրաժային համակարգի միջոցով: Մինասյանն ընդգծեց, որ այս ամենը ծրագրային առաջարկներ են, որոնք կառավարությունը կքննարկի և կհայտնի միասնական դիրքորոշում:

Մինասյանը շեշտեց, որ վարչարարությունը բարելավելու, հովանավորչության դեպքերը բացահայտելու կարիք կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում