«Հրապարակ». Վովա Գասպարյանի թիկնազորի պետը` իրավապահների ուշադրության կենտրոնում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ՝ բոլորին հայտնի Արշակ Հակոբյանն իր շրջապատով հայտնվել է նոր Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Երեկ հարցաքննության է կանչվել նաև Արշակի քաղաքապետ փեսայի՝ Դավիթ Համբարձումյանի եղբայր Գոռ Համբարձումյանը։ Վերջինս ապրիլի 16-ին Կորյուն-Հերացու փողոցների խաչմերուկում ընկերների հետ հարձակվել էր ցուցարարների վրա։ Իսկ շաբաթ օրը խուզարկել են Գոռի հայրական տունը, որը գտնվում է Արարատի մարզի Դաշտավան գյուղում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այս դեպքով գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Ուշագրավ է, որ մինչ իր ընտանիքը գտնվում է իրավապահների ուշադրության ներքո, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը որոշել է կանխել իր դեմ սպասվող բողոքի ալիքը։ Նա օրերս քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատությունների՝ մանկապարտեզների աշխատակիցների հետ հանդիպում է նախաձեռնել ու ասել, որ խուճապի չմատնվեն, քանի որ երեք ամսից ամեն ինչ իր տեղը կընկնի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում