Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով

Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդգծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունի գաղափարական և քաղաքական խորը տարաձայնություններ, սակայն վստահեցնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ցանկացած բանակցության ժամանակ նրա մեջքին կանգնած է լինելու: «Ես պետական մարդ եմ, Նիկոլ Փաշինյանն էլ իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես իր մեջքին կանգնած եմ, որովհետև ինքն իմ պետության վարչապետն է: Թող Ալիևն էլ, Էրդողանն էլ իմանան, որ ցանկացած հանդիպման ժամանակ ամեն ինչ անելու եմ, որպեսզի իմ երկրի վարչապետը, որի հետ ես ունեմ խորը գաղափարական և քաղաքական տարաձայնություններ, հաջողի: Եթե իմ երկրի վարչապետը հաջողի, կհաջողեն նաև Արցախն ու Հայաստանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Շարմազանովը նախ ընդգծեց, որ արդեն հակադարձել է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանն արցախյան հակամարտության կողմ է: «Ես ասել եմ, որ Հայաստանը ոչ թե հակամարտության, այլ բանակցությունների կողմ է ու Արցախի անվտանգության միջազգային երաշխավորը: Փաշինյանին շատ լավ ճանաչում եմ, 6 տարի միասին աշխատել ենք, և ես կարծում եմ, որ նա այլևս նման հայտարարություն չի անի: Միգուցե դա քաղաքական անզգուշություն էր, միգուցե՝ էմոցիոնալ հայտարարություն, կամ այլ բան էր ուզում ասել, այլ բան է ստացվել, բայց դա հայտարարություն չէր, որը բխում է մեր բանակցային շահերից»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը ողջունում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, որովհետև իրենք էլ դրա մասին շատ են խոսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում