Էլեկտրոնային կառավարման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ

Էլեկտրոնային կառավարման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Էստոնիայի վարչապետի նստավայրում մայիսի 22-ին տեղի ունեցավ Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի և Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասի հանդիպումը։

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Յուրի Ռատասին փոխանցեց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնում էստոնացի գործընկերոջը վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ նրա ջերմ շնորհավորանքների համար՝ մեծապես կարևորելով նաև այն փաստը, որ Էստոնիան ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացրած առաջին ԵՄ երկիրն է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Յուրի Ռատասն իր հերթին վերահաստատեց Էստոնիայի պատրաստակամությունը ՀՀ ղեկավարության հետ աշխատանքները շարունակելու և բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Էստոնիայի վարչապետը նշեց, որ էլեկտրոնային կառավարման, թվային տեխնոլոգիաների կիրառմամբ կառավարման այլ ոլորտների արդիականացման հարցում Էստոնիան պատրաստ է իր փորձը փոխանակել Հայաստանի հետ։

Դեսպան Մկրտչյանն առաջարկեց, որ նշված, ինչպես նաև տնտեսական այլ ոլորտներում համագործակցության լավագույն հարթակներից կարող է հանդիսանալ հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին զուգահեռ կազմակերպվելիք տնտեսական ֆորումին էստոնական կողմի մասնակցությունը։ Ի պատասխան Էստոնիայի վարչապետը նշեց, որ Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդն արդեն հաստատել է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին իր մասնակցությունը և այդ այցը կարող է հավելյալ խթան հանդիսանալ հայ-էստոնական հարաբերությունների զարգացման համար։

ՀՀ դեսպանն առաջարկեց նաև, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների որոլտի՝ երկու երկրների տնտեսական զարգացման առաջնահերթ ուղղություններից լինելու հանգամանքը, դիտարկել Հայաստան-Էստոնիա բարձր մակարդակով թվային ֆորում կազմակերպելու հնարավորությունը: Էստոնիայի վարչապետը հետաքրքրությամբ արձագանքեց այս առաջարկին և հորդորեց գաղափարը քննարկել ոլորտի պատասխանատու կառավարության ներկայացուցիչների հետ՝ խոստանալով ցուցաբերել նաև իր աջակցությունը։

ՀՀ դեսպանը և Էստոնիայի վարչապետը նաև քննարկեցին գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները։

Դեսպան Մկրտչյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում նաև սպասում են հունիսի սկզբին Էստոնիայի մշակույթի նախարար Ինդրեկ Սաարի այցելությանը՝ Հայաստանի և Էստոնիայի 100-ամյակներին նվիրված տոնակատարությանը մասնակցելու նպատակով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում