Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով

Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին: «Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո երկու խորհրդակցություն եմ անցկացրել Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների թեմայով: Դա մեզ համար ունի բացառիկ նշանակություն: Քաղաքական իրադարձությունների պատճառով որոշակի ուշադրություն տեղափոխվել է այդ միջոցառումներից, սակայն ես հավաստիացնում եմ, որ միջոցառումները կանցկացվեն պատշաճ մակարդակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, Առաջին Հանրապետության հարյուրամյակը միայն մայիսի 28-ը չէ, որովհետև մայիսի 28-ին հարյուրամյակը լրանում է, բայց առաջիկա մեկ տարին ըստ էության 100-ամյակ է: «Մենք նաև մշակույթի նախարարի հետ ենք քննարկել, որ թանգարաններում պատշաճ մակարդակով ցուցահանդեսներ լինեն»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ մայիսի 28-ին Սարդարապատում տեղի կունենա միջոցառում, որը պարունակելու է ռազմական շքերթի տարրեր: Նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու տոնական համերգ:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե ե՞րբ է նախատեսվում Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը, Փաշինյանն ասաց, որ այդ արձանի տեղադրումը մի փոքր հետաձգվում է: «Մենք այդ թեման քննարկել ենք կառավարությունում և ՀՅԴ-ի մեր գործընկերների հետ: Մենք շատ կարևորում ենք արձանի տեղադրման արարողությունը և այն անպայման տեղի կունենա: Մտահոգություններ կան արձանի տեղադրման վայրի հետ կապված: Դուք գիտեք, որ նախատեսված վայրից 100 մետր հեռավորության վրա գտնվում է Նժդեհի արձանը և քաղաքաշինական առումով պետք է հասկանալ, թե որքանով է ճիշտ նման մոտեցումը; Առնվազն եթե ավելի լավ տեղ չգտնվի, արձանագրում ենք, որ այդ տեղը կա»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում