Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի կյանքում. ՀՀ նախագահ

Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի կյանքում. ՀՀ նախագահ

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքը որպես փողի աղբյուր դիտարկելը ճիշտ չէ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտեց այս առնչությամբ:

«Մենք խոսում ենք ազգային միասնության մասին, խոսում ենք այն մասին, որ սա փոքր երկիր է, բայց մեծ ազգ՝ աշխարհով մեկ: Շարժման օրերին մենք տեսանք, թե ինչպես էին աշխարհի տարբեր երկրներից մեր հայրենակիցներն ակտիվորեն մասնակցում։ Ոմանք ակտիվ էին սոցիալական ցանցերում, ոմանք՝անձամբ գալիս էին: Հիմա հարց է ծագում, արդյո՞ք Սփյուռքը իսկապես նրա համար է, որ դրսից դրամ ուղարկի և որևէ իրավունքներ, մասնակցություն չունենա երկրի զարգացմանը: Ես կարծում եմ, որ դա բացարձակապես սխալ մոտեցում է»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արմեն Սարգսյանը: ՀՀ նախագահն ընդգծեց, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները պետք է ունենան և՛ պարտականություններ, և՛ իրավունքներ:

«Մեր նպատակներից մեկը պետք է լինի ճիշտ, ազնիվ, բաց ձևով Սփյուռքը ներգրավելը երկրի զարգացման գործում: Այսօր Հայաստանի, Սփյուռքի միջև կան հոգեբանական իրավական պատնեշներ, և մենք պետք է դրանք վերացնենք: Եթե դա չվերացնենք, ապա սփյուռքահայը կշարունակի դիտարկվել որպես օգնող, և Հայաստանում իրավունքներ չունենա, ինչը ճիշտ չէ: Գուցե մեկ օր հասնենք նրան, որ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, ովքեր Հայաստանի քաղաքացիություն ունեն, հնարավորություն ստանան մասնակցել ընտրությանը»,– ասաց Արմեն Սարգսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում