Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀԿ նախագահի փոփոխության հարցի քննարկումներին

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀԿ նախագահի փոփոխության հարցի քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո քննարկել է նաև կուսակցության նախագահի փոփոխության հարցը, և այդ քննարկումն առաջարկել է հենց Սարգսյանը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Դա մեր ներքին կուսակցական խնդիրն է: Ես գիտեմ, որ լրագրողները սիրում են ամեն ինչ իմանալ: Եղել է քննարկում, իսկ քննարկման արդյունքները դուք տեսնում եք. Սերժ Սարգսյանն է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը հավելեց, որ կուսակցության նախագահի փոփոխության հարցի քննարկում առաջարկել է հենց Սերժ Սարգսյանը, քանի որ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո նպատակահարմար է համարել նաև այդ հարցի քննարկումը:

Հարցին` ՀՀԿ նախագահի փոփոխության հարցի քննարկումը սառեցվե՞լ է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ նման հարցերի քննարկումները երբեք չեն սառեցվում, քանի որ ցանկացած պահի իրադարձությունների զարգացման փոփոխություն կարող է լինել և ցանկացած հարց կարող է նորից քննարկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում