Գերմանիան պատրաստակամ է սատարել Հայաստանի բարեփոխումային և արդիականացման ջանքերին

Գերմանիան պատրաստակամ է սատարել Հայաստանի բարեփոխումային և արդիականացման ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Times.am: Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասն իր ուղերձում համոզմունք է հայտնում, որ հայ-գերմանական լավ հարաբերությունները միասնական ջանքերով կշարունակեն խորանալ` ընդգծելով Գերմանիայի պատրաստակամությունը սատարելու Հայաստանի բարեփոխումային և արդիականացման ջանքերին:

Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Քարին Քնայսելը, շնորհավորանքներ հղելով ՀՀ ԱԳ նախարարին, նշում է, որ Ավստրիան հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի հետագա աշխուժացման հարցում` միաժամանակ ընդգծելով ավստրիական կողմի աջակցությունը Հայաստան-Եվրամիություն հնարավորինս սերտ համագործակցությանը:

Բարեմաղթանքներ հղելով արտգործնախարար Մնացականյանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահյանն իր ուղերձում վստահեցնում է, որ ԱՄԷ բարձր է գնահատում պատմական և մշակութային հարաբերությունները բարեկամ Հայաստանի հետ և ցանկանում է զարգացնել հայ-էմիրաթան համագործակցությունը մի շարք ոլորտներում:

Շնորհավորելով Հայաստանի իր պաշտոնակցին նշանակման կապակցությամբ՝ Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինն իր ուղերձում համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերը շարունակելու են ծառայել` որպես երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման հիմք:

Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլն իր ուղերձում շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղում Հայաստանի արտգործնախարարին և վստահություն հայտնում, որ երկու երկրների միջև արդեն իսկ առկա բարեկամական հարաբերություններն ապագայում կշարունակեն ամրապնդվել և զարգանալ:

Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն, հրավիրելով հայաստանյան իր գործընկերոջն այցել Բուխարեստ, համոզմունք է հայտնում, որ երկու երկրների արտգործնախարարությունների միջև համագործակցությունն ու փոխադարձ շահավետ երկխոսությունն էլ ավելի կխորանա:

Շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին նշանակման կապակցությամբ՝ Վիետնամի արտգործնախարար Ֆամ Բին Մինն իր ուղերձում վստահություն է հայտնում, որ երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցությունն ու ավանդական բարեկամությունն առավել կամրապնդվեն և կզարգանան:

Բարեմաղթանքներ հղելով Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Ֆինլանդիայի արտգործնախարար Տիմո Սոինին հաջողություններ է մաղթում նորանշանակ ԱԳ նախարարին իր առաքելության մեջ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարիչ Աքիմ Շտայները, շնորհավորելով Զոհրաբ Մնացականյանին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, շնորհակալություն է հայտնում նորանշանակ նախարարին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ լինելու շրջանում ՄԱԶԾ շրջանակներում ակտիվ և կառուցողական ներգրավվածության համար և հաստատում ՄԱԶԾ պատրաստակամությունը տրամադրել ռազմավարական աջակցություն Հայաստանին «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակներում առաջընթացի և զարգացման նախանշված արդյունքներին հասնելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում