Այս ընթացքում խոշոր գումարների արտահոսք չի ֆիքսվել. ԿԲ պաշտոնյա

Այս ընթացքում խոշոր գումարների արտահոսք չի ֆիքսվել. ԿԲ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Tert.am: 2017թ.-ի ընթացքում պահպանվել են ֆինանսական համակարգի կապիտալիզացվածության ու իրացվելիության բարձր ցուցանիշները, արձանագրվել է գործունեության ծավալային աճ և ապահովվել շահութաբերություն: Այսօր Կենտրոնական բանկի 2017 թ. Ֆինանսական կայունության հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ արտաքին աշխարհից եկող ազդակները 2017 թ.-ին շարունակել են դրական ազդեցություն ունենալ ՀՀ ֆինանսական համակարգի վրա, ինչն արտացոլվել է նաև մետաղների գների բարձրացմամբ:

«Մետաղների գներում, որոնք արտահանվում են ՀՀ-ից, 2016 թ.-ից սկսած աճի միտում կա, ինչը, բնականաբար, ազդում է թե՛ դեպի ՀՀ հոսքերի, թե՛ սպասումների վրա, ինչն էլ իր հերթին ամենամեծ ազդեցությունն է ունեցել տնտեսվարող սուբյեկտների մոտ սպասումների ձևավորման համար:

Նույն տիպի ցուցանիշներ են արձանագրվել նաև դրամական փոխանցումերի և ընդհանրապես ապրանքաշրջանառության մասով՝ տարվա ընթացում կրկին աճ է արձանագրվել»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ 2017թ.-ին սպասվածից ավելի տնտեսական աճ է եղել, ինչը բավական մեծ ազդեցություն ունեցել նաև ֆինանսական համակարգի վրա: Ըստ Գրիգորյանի՝ 2017 թ.-ին կապիտալի համարժեքության նորմատիվը գերազանցում էր 18 տոկոսը, այն դեպքում, երբ մեր պոտենցիալ կանոնակարգերով նվազագույն պահանջը 12 տոկոս էր, իսկ բազելյան սկզբունքներով պահանջվող նվազագույն տոկոսը 8 էր: Վերջինս տեղեկացրեց, որ տնտեսական ակտիվության վերականգնման և արտաքին հատվածից ստացվող եկամուտների կայունացման ներքո առևտրային բանկերը պահպանել են վարկային ընդլայնողական քաղաքականությունը:

«Տարվա ընթացքում դիտարկվել է ֆինանսական միջնորդության խորացում, ինչն ուղեկցվել է վարկային ռիսկի կայունացմամբ և վարկերի որակի բարելավմամբ: Ինչպես նաև ՀՀ ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների մեղմացումն ու բանկային համակարգի բարձր իրացվելիություն իրենց հերթին նպաստել են վարկերի ու ավանդների տոկոսադրույքների նվազմանը»,- շարունակեց Գրիգորյանը:

Վերջին գտնում է, որ վարկային մի շարք ոլորտներում ՝ գյուղատնտեսական, արդյունաբերության, առևտրի ոլորտում կա էական բարելավում՝ կապված չաշխատող կամ վատորակ ակտիվների հետ:

ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետն անդրադարձավ նաև վերջին շրջանում քաղաքական իրադարձությունների փոփոխությանն անդրադարձին ֆինանսական համակարգի վրա: Նրա կարծիքով՝ վերջին իրադարձությունները փաստեցին, որ ԿԲ-ն անկախ կառույց է, քանի որ քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո ֆինանսական համակարգը չի տուժել: Միևնույն ժամանակ նկատեց, որ այս ընթացքում որոշ ավանդատուներ վերցրել էին գումարները, սակայն վստահեցրեց, որ դուրս եկած գումարներն արդեն իսկ վերադարձվել են:

«Հիմնականում այն ավանդատուներն էին, որոնք չեն կարողանում երկարաժամկետ որոշումներ կայացնել կամ այն կամ իրադարձությունների արդյունքում, պանիկայի մեջ են ընկնում: Այն, ինչ հանվել էր, ամբողջությամբ վերադարձվել է համակարգ»,- շարունակեց Գրիգորյանը:

Նա վստահեցրեց, որ այս ընթացքում խոշոր գումարների արտահոսք չի ֆիքսվել. «Խոշոր գումարների արտահոսքը հեշտ բան չէ: Բացի այն, որ ԿԲ-ում կա ֆինանսական դիտարկումների գործոնը, որը ցանկացած խոշոր ֆինանսական հոսք պարտադիր մինչև վերջ հետազոտում է, նաև երկիրն է լուրջ ուսումնասիրում, որտեղ գումարը գնում է: Բանկային համակարգի միջոցով չի եղել ֆինանսական խոշոր արտահոսք, որը կապ չի ունեցել բիզնես ստանդարտ գործընթացների հետ», – ընդգծեց Անդրանիկ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է վարկային տոկոսադրույքների նվազեցմանը, Գրիգորյանն ասաց, որ վերջին 10 տարում ՀՀ-ում վարկային տոկոսադրույքները կայուն կերպով նվազել են: Նրա խոսքով՝ 2014 թ-ից մինչև օրս 4 տոկոսային կետով վարկերի տոկոսադրույքների նվազում է արձանագրվել, ինչը նա բավական էական նվազում է համարում:

Անդրանիկ Գրիգորյանը, անդրադառնալով քաղաքական հայտարարություններին, թե պետք է ներվեն տույժ-տուգանքները, ասաց, որ օրինագիծ է մշակվում, ըստ որի՝ պետք է փորձել ներել գյուղատնտեսական, ֆիզիկական անձանց տույժ-տուգանքները, բայց դա չպետք է արվի բանկերի վնասի հաշվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում