Նիկոլ Փաշինյանն Ախալքալաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Նիկոլ Փաշինյանն Ախալքալաքում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԹԲԻԼԻՍԻ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ախալքալաքի մշակույթի կենտրոնում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ վարչապետին ուղեկցում էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:

Նիկոլ Փաշինյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ Հայաստանը վճռական է դարավոր եղբայրական հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի բարձրացնելու հարցում:

«Գիտեք, որ ես վարչապետ եմ դարձել ժողովրդի կամքով մի քաղաքական գործընթացի արդյունքում, որը կոչվեց սիրո և համերաշխության հեղափոխություն: Ես Վրաստան պաշտոնական այցով եկել եմ, հենց Վրաստան պետությանը, վրաց ժողովրդին ուղղված սիրո և համերաշխության ուղերձով և չափազանց երջանիկ եմ՝ տեսնելով, որ տեղ է հասել և այդ ուղերձը, այն ունի կոնկրետ արտահայտում և համարում եմ, որ այսօրվա դահլիճի մթնոլորտը հենց այդ ուղերձի ամենակարևոր արտահայտումն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Զանելիձեն ասաց, որ Վրաստանը ուշադիր հետևում էր Հայաստանում զարգացող ներքաղաքական իրադարձություններին:

«Մենք եկանք այն եզրակացության, որ ժողովրդի միասնականությամբ և պարոն Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանը կարողացավ հասնել նրան, որ ժողովրդավարությունը հաղթեց»,- ասաց Զանելիձեն:

Վրաստանի ԱԳՆ նախարարի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումների արդյունքում եկել են այն մտքին, որ դեռ շատ բան կա անելու երկու երկրների առաջընթացի և հարաբերությունների զարգացման համար:

«Հայաստանն ունի հազվագյուտ հնարավորություններ միջազգային ասպարեզում, Վրաստանը նույնպես ինտեգրման բազմաթիվ ուղղություններ է վերցրել, և մենք՝ երկու պետություններս, ամեն ինչ կանենք, որպեսզի օգտագործենք այդ հնարավորություններն ի բարօրություն մեր երկու երկրների»,- եզրափակեց Ջանելիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում