ՀՀ-ն ու Վրաստանը կարիք ունեն անկյունաքարային մի փաստաթղթի, որը կբացառի երկու կողմերի՝ միմյանց դեմ գործողություններում ներգրավվելը․ Է. Աբրահամյան

ՀՀ-ն ու Վրաստանը կարիք ունեն անկյունաքարային մի փաստաթղթի, որը կբացառի երկու կողմերի՝ միմյանց դեմ գործողություններում ներգրավվելը․ Է. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Դիվանագիտական հարաբերությունները բարեկամական բառերով չպետք է որակել, դրանք կարող են լինել գործընկերային, դաշնակցային կամ էլ՝ թշնամական: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների և անվտանգության բաժնի գիտաշխատող, Կենտրոնական Ասիայի և Կովկասի վաշինգթոնյան ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով անկախ փորձագետ Էդուարդ Աբրահամյանը՝ ուշադրություն հրավիրելով հայ-վրացական հարաբերությունների վրա. «բարեկամ» որակվող Վրաստանը չնայած ստրատեգիական նշանակություն ունի Հայաստանի համար, այնուամենայնիվ երկու երկրները ստրատեգիական հարաբերություններ չունեն:

Նա անդրադարձավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա այցին Վրաստան՝ ներկայացնելով իր դիտարկումները հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին:

«Հայաստանի նոր իշխանությունները պետք է մշակեն ռազմավարական հարաբերությունների օրակարգ Վրաստանի հետ: Նման օրակարգ մշակելու համար պետք է դիտարկել Հայաստանին և Վրաստանին սպառնացող վտանգները, անվտանգային և տնտեսական առումով ինչն է միավորում և ինչն է տարանջատում երկու երկրներին»,- ասաց նա:

Հայաստանի և Վրաստանի միջև եղած հարաբերություններում խնդիր առաջացնող հանգամանքներից են երկու երկրների հարաբերություններն այլ երկրների հետ, մասնավորապես՝ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, իսկ Վրաստանի համար՝ սպառնալիք դեռևս 2008 թվականից: Փորձագետը մատնանշեց, որ գաղտնիք չէ նաև, որ Վրաստանը մշտապես սպառնալիք է տեսել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայից: Մյուս կողմից, ըստ նրա, Վրաստանն ինտեգրվում է արևմտյան ինստիտուտներում, օրինակ՝ ՆԱՏՕ-ում, զարգացնելով նաև տարածաշրջանում իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և չեզոք, ոչ բլոկային կարգավիճակ ունեցող Ադրբեջանի հետ. այդ և մի քանի այլ երկրների հետ հարաբերություններ զարգացնելը տարածաշրջանային անվտանգության առումով ավելի ցանկալի է Վրաստանի համար:

«Հայաստանն ու Վրաստանը հիմա կարիք ունեն անկյունաքարային մի փաստաթուղթ ստորագրելու, որը կբացառի երկու կողմերին՝ միմյանց դեմ գործողություններում ներգրավվելը, կբացառի երրորդ կողմերին՝ Հայաստանի և Վրաստանի տարածքն օգտագործելը միմյանց դեմ: Այդ դեպքում կձևավորվի լուրջ փոխվստահություն՝ տարածաշրջանային անվտանգային հարցերը կարգավորելու և համագործակցելու շրջանակներում»,- ասաց նա՝ հավելելով, որ անվստահության խնդրի հետ պետք է հայկական կողմը հաշվի նստի:

Էդուարդ Աբրահամյանն ընդգծեց՝ հայ-ռուսական հարաբերությունների բնույթից ելնելով է, որ Թբիլիսիում առկա է որոշակի անվստահություն Հայաստանի նկատմամբ: Իր նշած համաձայնագիրը, ըստ նրա, կարևոր քաղաքական դեր կխաղա անվստահությունը երկուստեք թուլացնելու գործում:

Իսկ արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանի նոր իշխանությունների նման քայլը կընկալի: Էդուարդ Աբրահամյանի նկատառմամբ, իհարկե, չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, տարածաշրջանում ՀԱՊԿ անդամ միակ երկիրը, և նրա հետ հարաբերությունների պահպանումն ու նրա նկատմամբ հավատարիմ մնալը մեր անվտանգային շահերից է բխում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ունենա կամ չպետք է նախագծի ռազմավարական հարաբերություններ իր ամենամոտ հարևանների հետ:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները՝ թե՛ վարչապետը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվողները գիտակցում են հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական դարձնելու անհրաժեշտությունը:

«Գիտակցում են, որ Հայաստանն իր մեկ հարևանի հետ չունի հարաբերություններ, մյուսի հետ ունի թշնամական հարաբերությունները, մյուս հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ չունի ռազմավարական հարաբերություններ, չնայած երկուսն էլ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն: Այս նոնսենսային իրավիճակից դուրս գալու հրաշալի հնարավորություն է ընձեռվել, որը պետք է անպայման օգտագործել»,- ասաց նա:

Փորձագետը նշեց, որ դատելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներից՝ կարելի է ենթադրել, որ ՀՀ նոր իշխանությունները ցանկանում են Վրաստանի հետ երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների մի ծրագիր մշակել:

«Կա ցանկություն, կա տրամադրվածությունը, ինչը ես շատ դրական եմ գնահատում: Կարծում եմ՝ դա ենթադրում է մի շարք մասնագիտական, քաղաքական, նաև վերլուծական ռեսուրների մեկտեղում՝ կոմբինացիա: Այսինքն՝ պետք է սցենարներ մշակվեն, և դրանք Վրաստանի հետ համաձայնեցնելով՝ իրականություն դարձնեն»,- ասաց նա:

Նաև նկատեց՝ ՀՀ նոր իշխանությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան տարբերվում է նախկին իշխանությունների այցերից: «Նիկոլ Փաշինյանի այցը տարբերվում էր իր նախաձեռնողականությամբ, ինչը նախկին իշխանությունների կողմից չի զգացվել: Նախկին իշխանությունների այցերը արարողակարգային, առօրեական բնույթ են կրել: Այս անգամվա այցի շեշտադրումներն ավելի ռազմավարական էին: Կարծում եմ և հույս ունեմ, որ դա կզարգանա մոտ ժամանակներում»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում