Եթե երկու օր չգնենք թանկացրած միսը, ի՞նչ են անելու այդ միսը. Գյուղնախարարը միանում է Փաշինյանի կոչին

Եթե երկու օր չգնենք թանկացրած միսը, ի՞նչ են անելու այդ միսը. Գյուղնախարարը միանում է Փաշինյանի կոչին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, News.am: Հարկային դաշտը պետք է լինի հավասար. մեծի համար մեծ հարկային դաշտ է գործում, փոքրի համար՝ փոքր, եւ դա արդար է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, Կասյան փողոցի հարակից տարածքում բացված գյուղատնտեսական մթերքների սեզոնային տոնավաճառում լրագրողների հետ զրույցում նշեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ իր համար գների աճը զսպելու պատրվակով հարկերից խուսափումը ընդունելի չէ:

«Մենք ոչ միայն հորդորում ենք սպառողներին առեւտուր անել շուկաներից, այլեւ աջակցում ենք, որ սպառողները գան ու այստեղից մթերք գնեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե սուպերմարկետները անուղղակի սպառնում են, որ եթե իրենք մտնեն ԱԱՀ հարկային դաշտ, գները կաճեն, գյուղնախարարն արձագանքեց. «Որեւէ մեկն իրավունք չունի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել: Չեմ կարծում, որ դա կբերի ճգնաժամային վիճակի»:

Նա հայտարարեց, որ վաղուց միացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ բոյկոտել թալանչիներին եւ կոռուպցիոներներին:

Հարցին, թե դա չի՞ հանգեցնի գների անասելի աճի, Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «Չի կարող անասելի գների բարձրացում լինել: Եթե այստեղի թութը գնեն, դնեն 5 հազար դրամ, թութ չի վաճառվի: Վերջապես բոլոր կողմերի համար էլ ձեռնտու է, որ գործեն այդ խանութները: Այդ սպառնալիքի տակ էլ պետք է հիմք լինի: Ի՞նչ է նշանակում գները կդարձնենք 5 հազար: Այդ դեպքում՝ կողքից երկու նոր սուպերմարկետ կաճի, փոքր խանութները կսկսեն գործել: Փոքր խանութները դուրս եկան շուկայից, որովհետեւ սուպերմարկետները նրանցից բիզնեսները վերցրեցին, մի փոքր ավելի էժան գներով սկսեցին վաճառել: Եթե սուպերմարկետներում գինն աճի, բակերի փոքր խանութները կսկսեն ավելի ազատ շնչել: Ես որեւէ ճգնաժամի պատճառ չեմ տեսնում»:

Ինչ վերաբերում է փաստին, որ «Երեւան սիթի»-ում մսի գինը հասել է մինչեւ 5300 դրամի, նախարարն ասաց. «Երկու օր որ չգնենք, ի՞նչ են անելու այդ միսը: Եթե 2-3 օր աանց մսի ապրենք, կարծում եմ՝ գները կգան իրենց տեղը: Հիմա մի փոքր խուճապ կա, դրա համար փձորձում են գները բարձրցնել: Բայց եթե մարդը նույնիսկ 2 հաար դրամով է գնել ու հիմա դրել է 5300 դրամ ու չի վաճառվում, ի՞նչ պետք է անի, էդքան չի կարող ուտել չէ»՞:

Ավելի վղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը»: «Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,- կոչ էր արել վարչապետը:

Նշենք, որ այսօր մի շարք սուպերմարկետներում թանկացումներ են արձանագրվել, մասնավորապես, թանկացել էր մսամթերքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում