Իրաքն սկսել է Քիրքուքից նավթ արտահանել Իրան

Իրաքն սկսել է Քիրքուքից նավթ արտահանել Իրան

 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը ձեռնամուխ է եղել Քիրքուքի նահանգի հանքավայրերից Իրան նավթի արտահանական մատակարարումներին: Հունիսի 3-ին այս մասին Al Sumaria հեռուստաալիքին հայտնել է Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ջիհադը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ «Քիրքուքից Իրան նավթի փոխադրումը երկու երկրների նավթի նախարարությունների միջեւ կնքված համաձայնագրի բաղկացուցիչ մասն է», որն արտահանում է նախատեսում օրական 30-ից մինչեւ 60 հազար բարել ծավալով: Հումքն ավտոցիստեռններով կհասցվի Քերմանշահի նավթավերամշակման գործարան, Թեհրանն իր հերթին համարժեք ծավալներով նավթ կարտահանի Պարսից ծոցի հարավային նավահանգիստներից:

«Ապագայում մենք հույս ունենք Քիրքուքի հանքավայրերից խողովակաշար անցկացնել մինչեւ Իրանի սահման՝ օրական 250 հազար բարել կարողությամբ»,- ասել է Ջիհադը:

Քիրքուքի նավթի հանքակուտակները համարվում են աշխարհում խոշորագույններից մեկը եւ գնահատվում են 13 միլիարդ բարել կամ Իրաքի նավթի պաշարների ընդհանուր ծավալի շուրջ 12 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում