Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան ի հայտ բերեց երկու երկրների հարաբերություններում առկա հսկայական ներուժը. Զոհրաբ Մնացականյան

Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան ի հայտ բերեց երկու երկրների հարաբերություններում առկա հսկայական ներուժը. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան շատ ջերմ էր ու շատ դրական: «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այցն ի հայտ բերեց այն հսկայական ներուժը, որը մենք ունենք մեր հարաբերություններում՝ համագործակցելու միմյանց հետ՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկամության, մեր ժողովուրդների զարգացման․ այդ ներուժը ճանաչված է: Մենք երկրներ ենք, ժողովուրդներ ենք, որոնք ունեն միմյանց հետ ապրելու բավական երկար պատմություն: Մենք ունենք օրակարգ, որը համընկնում է, օրակարգ, որը բխում է մեր երկուսի շահերից: Մենք ունենք այդ ներուժն օգտագործելու լավ հնարավորություն և, այդ ամենը վերահաստատելով, ճանաչելով, մենք օրակարգ ենք ստեղծում, որը հնարավորություն է տալիս մեզ իրականացնել և շոշափելի դարձնել դրա արդյունքները: Այդ առումով ես շատ դրական եմ գնահատում այցը և դրական եմ գնահատում նաև, որ այցը տեղի էր ունենում իսկապես մի մթնոլորտում, որտեղ այդ պատրաստակամությունը առավել արտահայտված էր երկու կողմերից»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում