Պաշտոնական Աթենքը զայրացել է Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունից

Պաշտոնական Աթենքը զայրացել է Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունից

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած ութ թուրք զինվորների ազատ արձակումից հետո երկու երկրի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում:

Ինչպես հաղորդում է թուրքական Diken-ը, Թուրքիայի կառավարության խոսնակ ու փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը թուրք զինվորներին ազատ արձակելուց հետո հայտարարություն էր արել՝ ասելով. «Ինչ ուզում է, թող անեն: Հեղաշրջման փորձին մասնակցած այդ գյուլենական զինվորներին գտնելն ու նրանց Թուրքիա վերադարձնելը մեր պարտքն է: Ուր էլ որ գնան՝ հետապնդելու ենք նրանց ու ի վերջո բռնենք»:

Թուրքիայի կառավարության ներկայացուցչի այս խոսքերին պաշտոնական Աթենքը խիստ պատասխան է տվել: Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասը հայտարարել է, որ իրենք չեն հանդուրժի թուրքական կողմի նման պահվածքը: «Թուրքիան շատ լավ գիտի, որ Հունաստանն այն երկիրը չէ, որի հետ նման խաղեր կարող է խաղալ: Թուրքիան չի կարող գալ Հունաստան որևէ մեկին այստեղից տանելու համար. ոչ երկիրն ունի նման իրավունք, ոչ էլ մենք նման բան թույլ կտանք»,- ասել է նա:

Իսկ Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը Բոզդաղի խոսքը որակել է որպես «ՆԱՏՕ-ի գործընկեր մի երկրի կողմից մյուս երկրում անօրինական ռազմական գործողություն սկսելու մասին հայտարարություն»: Նա տեղեկացրել է, որ թուրքական կողմի այդ հայտարարությունների առնչությամբ քայլեր կձեռնարկի Եվրամիությունում ու ՆԱՏՕ-ում:

Թուրք ութ զինծառայողներն ուղղաթիռով Հունաստան Էին փախել 2016 թվականի հուլիսի 16-ին Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Թեեւ դատարանը հրաժարվեց նրանց Անկարային հանձնել այն բանի պատճառով, որ Թուրքիան չԷր կարող ապահովել արդար դատաքննություն, զինծառայողները գտնվում Էին կալանքի տակ: Այս ամբողջ ընթացքում թուրքական կողմը ձգտում Էր հասնել նրանց արտահանձնման՝ Հունաստանին մեղադրելով խռովարարներին հովանավորելու մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում